Ինչպես է ավելորդ քաշն ազդում մեր մտավոր ունակությունների վրա

19 հոկտեմբերի, 2016  10:41

Ավելորդ քաշի վնասի մասին շատ է խոսվել. այն մեծացնում է բազմաթիվ հիվանդությունների առաջացման վտանգը, որոնց թվում են դիաբետը, սիրտ-անոթային հիվանդություններն ու քաղցկեղի որոշ տեսակները: Հիմա էլ Արիզոնայի համալսարանի գիտնականները բացահայտել են, որ մարմնի զանգվածի բարձր ինդեքսը բացասաբար է ազդում տարեցների ճանաչողական ունակությունների վրա:

Գիտնականները վերլուծել են 50 տարեկանն անց անգլիացիների առողջության, ինքնազգացողության մասին տվյալները, որ Մեծ Բրիտանիայում հավաքել են 12 տարվա ընթացքում: Ուսումնասիրելով 6 տարվա տվյալները՝ նրանք պարզել են, որ որքան բարձր է եղել հետազոտության մասնակիցների մարմնի զանգվածի ինդեքսը ուսումնասիրության սկզբում, այնքան ավելի զգալի են С-ռեակտիվ սպիտակուցի կենտրոնացման փոփոխությունները: Այս ցուցանիշն իր հերթին ասոցացվել է ճանաչողական ունակությունների վատթարացման հետ:

Մասնագետները պարզաբանում են, որ մարմնի զանգվածի բարձր ինդեքս ունեող մարդկանց մոտ բարձր է օրգանիզմում բորբոքումների ընդհանուր մակարդակը: Դա վերաբերում է նաեւ գլխուղեղին, ինչի արդյունքում ուղեղի նորմալ աշխատանքը խախտվում է, իսկ ճանաչողական ունակությունները՝ վատթարանում:

Ստացված տվյալները, ըստ գիտնականների, քաշին հետեւելու եւ այն նորմայի սահմաններում պահելու եւս մեկ պատճառ են: Դա կարեւոր է հատկապես 50 տարեկանն անց մարդկանց պարագայում:

Հիմա հետազոտության հեղինակները ծրագրում են շարունակել ուսումնասիրությունը եւ փորձել պարզել, արդյո՞ք մարմնի զանգվածի ինդեքսի նվազումը կօգնի բարելավել ճանաչողական ունակությունները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում