Գենետիկ թեստը կպարզի կրծքի քաղցկեղով հիվանդ կանանց շրջանում երակների խցանման առաջացման հավանականությունը

3 նոյեմբերի, 2016  23:48

Գենետիկ թեստը կարող է օգնել հայտնաբերել կրծքի քաղցկեղով հիվանդ այն կանանց, որոնց շրջանում երակների խցանման առաջացման հավանականությունը մեծ է: Այս մասին հայտնել է Karolinska Institute-ի (Շվեդիա) աշխատակից Ջուդիթ Բրանդը, որն իր գործընկերների հետ վերլուծել է ավելի քան 4200 շվեդացի կանանց տվյալները, որոնք տառապել են կաթնագեղձի քաղցկեղով:

Երակային տրոմբոէմբոլիան ծանր եւ պոտենցիալ մահացու բարդացում է, որը կարող է առաջանալ քաղցկեղի բուժման ընթացքում, հատկապես քիմիաթերապիայի ժամանակ: Կաթնագեղձի ուռուցքն աշխարհում քաղցկեղի ամենատարածված տեսակներից է, այդ պատճառով կրծքի քաղցկեղով հիվանդներին է բաժին ընկնում երակային տրոմբոէմբոլիայի դեպքերի ամենամեծ թիվը:

Արյունը ջրիկացնող դեղամիջոցները կարող են կանխել երակային տրոմբոէմբոլիայի առաջացումը, սակայն դրանք բազմաթիվ հետեւանքներ ունեն, ինչպիսին է արյունահոսությունը: Ուստի քիմիաթերապիայի կուրս անցնող հիվանդներին սովորաբար այդպիսի դեղեր չեն նշանակում:

Հետազոտության ընթացքում գիտնականները ուշադրություն են դարձրել այն փաստին, որ երակային տրոմբոէմբոլիան ամեն տարի զարգացել է այդ բարդության գենետիկ մեծ հավանականությամբ հիվանդների գրեթե 9,5 տոկոսի շրջանում, որոնք քիմիաթերապիա են ստացել, եւ գենետիկ փոքր հավանականությամբ հիվանդների 1,3 տոկոսի շրջանում, որոնք քիմիաթերապիա չեն ստացել: Պարզվել է, որ երակային թրոմբոէմբոլիային առավել հակված են գենետիկ նախատրամադրվածությամբ տարեց կին հիվանդները: Այսպես՝ տարեկան երակային թրոմբոէմբոլիա է առաջացել գենետիկ մեծ հավանականությամբ 60 տարեկանից մեծ մասնակիցների 25 տոկոսի մոտ, որոնք բուժվել են քիմիաթերապիայի միջոցով:

Գիտնականները համոզված են, որ իրենց հետազոտության արդյունքները կարելի է կիրառել նոր գենետիկ թեստ ստեղծելու համար, որը կորոշի երակային տրոմբոէմբոլիայի հավանականությունը: Այդպիսի թեստը կօգնի ռիսկի խմբում ընդգրկված հիվանդների բուժումն ավելի արդյունավետ դարձնել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում