Գազավորված ըմպելիքները կարող են մարդուն զրկել քնից

10 նոյեմբերի, 2016  10:36

Օրական 5 ժամ կամ քիչ քնող մարդիկ ամենայն հավանականությամբ նաեւ զգալիորեն մեծ քանակով կոֆեին պարունակող քաղցր ըմպելիքներ են օգտագործում՝ գազավորված կամ էներգետիկ, պարզել են Սան Ֆրանցիսկոյի Քալիֆորնիայի համալսարանի գիտնականները:

Գիտնականները վերլուծել են 2005-2012 թվականներին իրականացված Առողջության եւ սննդի ազգային հետազոտության 18,7 հազար մեծահասակ մասնակիցների տվյալները: Նրանք պատասխանել են, թե աշխատանքային շաբաթվա ընթացքում որքան են քնում եւ ինչ քանակով են օգտագործում տարբեր ըմպելիքներ, այդ թվում՝ կոֆեինով քաղցրացված եւ առանց դրա, մրգային հյութեր, սուրճ, թեյ եւ ջուր:

Մի շարք սոցիալ-ժողովրդագրական գործոններ եւ առողջությանն առնչվող այլ փոփոխականներ հաշվի առնելուց հետո պարզվել է, որ  կանոնավորապես գիշերը 5 ժամ եւ քիչ քնող մարդիկ 21 տոկոսով ավելի շատ են օգտագործել կոֆեին պարունակող քաղցր ըմպելիքներ, այդ թվում՝ գազավորված եւ էներգետիկ, քան նրանք ովքեր օրական 7-8 ժամ են քնել: Քնի «ավելորդ» ժամը հանգեցնում էր նրան, որ նորմայի գերազանցումն արդեն կազմում էր միայն 11 տոկոս:

Հեղինակներն ընդգծում են, որ առայժմ չի պարզվել պատճառահետեւանքային կապը, նաեւ պարզ չէ, թե ինչն է առաջնային՝ արդյոք գազավորվա՞ծ ըմպելիքն է մարդուն քնից զրկում կամ համապատասխան խանգարումներով մարդիկ ավելի շա՞տ են ձգտում էներգետիկ ըմպելիքների, որպեսզի ցերեկային ժամերին իրենց ավելի լավ զգան:

«Կարծում ենք, որ առկա է դրական հակադարձ կապի հանգույցը, երբ քաղցր ըմպելիքները եւ քնի կորուստը միմյանց ուժեղացնում են, ինչը մարդկանց խանգարում է հրաժարվել շաքարի օգտագործման անառողջ սովորություններից,- նշել է հետազոտության առաջատար հեղինակ Արիկ Փրաթերը:- Մեր ստացած տվյալները ցույց են տալիս, որ մարդկանց քնի լավացումը, հնարավոր է, նրանց օգնի շրջապտույտից դուրս գալուն եւ կրճատի  շաքարի գտագործումը, որը, ինչպես հայտնի է, ներգործում է նյութափոխանակության հիվանդությունների առաջացման վրա, ինչպիսին են ճարպակալումը կամ երկրորդ տիպի շաքարախտը»:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում