Հղիանալ ցանկացող կանայք ինչու չպետք է մատուտակ օգտագործեն

11 նոյեմբերի, 2016  19:35

Հղիանալ ցանկացող կանանց խորհուրդ չի տրվում օգտագործել մատուտակ (մատուտակի արմատ) պարունակող մթերքներ, քանի որ այն օրգանիզմում նվազեցնում է կանացի հորմոն էստրոգենների մակարդակը: Այս մասին հայտնում են Իլինոյսի համալսարանի գիտնականները:

Reproductive Toxicology-ում հրապարակված հետազոտության ընթացքում նրանք հայտնաբերել են, որ մատուտակի բաղադրության մեջ է մտնում իզոլիկուիրիտիգենին կոչվող կոմպոնենտը, որը նվազեցնում է կանացի սեռական էստրոգեն հորմոնի արտադրումը, որը չափազանց կարեւոր է պտղաբերության համար: Հետազոտությամբ պարզվել է, որ իզոլիկուիրիտիգենինը   50 տոկոսով նվազեցնում է արոմատազա ֆերմենտի մակարդակը, որն օրգանիզմին անհրաժեշտ է էստրոգեն արտադրելու համար: Երբ կնոջ օրգանիզմում այս ֆերմենտի մակարդակը նվազում է, հղիանալու հետ կապված խնդիրներ են առաջանում: Իսկ քանի որ էստրոգենը կարեւոր է նաեւ ուղեղի, ոսկրերի եւ սիրտ-անոթային համակարգի առողջության համար, ապա դրա տեւական նվազումը կարող է առողջական երկարաժամկետ խնդիրներ առաջացնել:

Նշենք, որ իզոլիկուիրիտիգենին է պարունակվում մատուտակի արմատում, թեյի տերեւներում, մատուտակի բոլոր տեսակներում եւ շաքարի այլ փոխանիչներում: Այս կոմպոնենտն օգտագործվում է ծխախոտային արտադրանքներին հատուկ համ տալու համար, երբեմն այն օգտագործում են որպես դաշտանադադարի հորդացման եւ այլ ախտանշանների դեմ պայքարելու միջոց:

Հարկ է նշել, որ կանանց պտղաբերության համար չափազանց վտանգավոր մատուտակը կարող է օգտակար լինել կրծքի, շագանակագեղձի եւ աղիների քաղցկեղի որոշ տեսակների դեմ պայքարում: Բայց այն կարող է տոքսիկ լինել նորմալ աճի եւ ձվարանների զարգացման համար:

Նշենք նաեւ, որ չնայած հետազոտությունն իրականացվել է մկների վրա, եւ արդյունքների հաստատման համար համանման դիտարկումներ են անհրաժեշտ մարդկանց շրջանում, գիտնականները, միեւնույն է, պնդում են, որ իրենց բացահայտումը չափազանց կարեւոր է եւ զգաստացնող, եւ կանանց խորհուրդ են տալիս թեկուզ համենայնդեպս մատուտակ չօգտագործել, եթե ցանկանում են հղիանալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում