Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են ալկոհոլամոլության «գլխավոր» գենը

29 նոյեմբերի, 2016  23:48

Ամերիկացի գիտնականները հայտնաբերել են KLB գենը, որը համարվում է ալկոհոլային «ախորժակի» գլխավոր կարգավորողը: ԴՆԹ-ի այդ հատվածը որոշում է, թե մարդը ինչ քանակի ալկոհոլ կարող է խմել եւ որքան հաճախակի է նա նման ցանկություն ունենում: Հայտնագործությունը կատարվել է մկների վրա կատարված փորձերի շնորհիվ:

Հիշեցնենք, որ անցյալ տարի գիտնականները լյարդում FGF21 հորմոն են հայտնաբերել, որը կառավարում է քաղցրի հանդեպ մեր հակումը: Դրա բացակայությունը կրծողներին ստիպում էր որքան հնարավոր է շատ շաքար ուտել, իսկ հորմոնի գերավելցուկը լիովին վերացնում էր այդ ցանկությունը:

Դալասի Թեխասի համալսարանից բժիշկ Սթիվեն Քլիվերը եւ նրա գործընկերները ենթադրել են, որ նույն կերպ այդ նյութը կարող է ազդել նաեւ ալկոհոլի հանդեպ հակվածության վրա: Նրանք ցանկանում էին պարզել, թե այն ուղեղում հատկապես որ ռեցեպտորներն է ակտիվացնում՝ մարդուն ստիպելով ավելի շատ քաղցր եւ սպիրտային խմիչք օգտագործել:

Դա պարզելու համար գիտնականները ավելի քան 100 հազար մարդկանց շրջանում համադրել են գեներում (FGF 21-ի հետ կապված) մանր փոխակերպումները, եւ այն, թե այդ մարդիկ որքան շատ են խմել: Արդյունքում պարզվել է, որ  KLB գենում միանգամից մի քանի «կետային» փոխակերպումները կապված են ալկոհոլային սովորությունների նկատելի «տեղաշարժերի» հետ:

Հետազոտողներն այս գաղափարը ստուգել են մի քանի մկների ԴՆԹ-ում KLB-ն «անջատելով» եւ նրանց վարքագծին հետեւելով: Փորձնական կրծողները նկատելիորեն ավելի հաճախ եւ հաճույքով են ալկոհոլ խմել եւ նախընտրել են ավելի թունդ ըմպելիքները, քան ստուգիչ խմբի նրանց ցեղակիցները: Ուշագրավն այն է, որ անջատված գենով մկները իրենց բացարաձակապես նույն կերպ են պահել, ինչպես իրենց «նորմալ» ցեղակիցները, սպիրտայինի հանդեպ ձգտումից բացի:

Գիտնականների խոսքով՝ KLB գենի ակտիվության խթանումը կարող է օգտագործվել որպես ալկոհոլամոլության բուժման միջոց: Ճիշտ է, դրա համար դեռ պետք է մեծաթիվ լրացուցիչ հետազոտություններ կատարել, քանի որ մասնագետները կախվածության հիվանդությունների հետ ԴՆԹ-ի բավական շատ հատվածներ են կապում:

Հոդվածը հրապարակվել է PNAS ամսագրում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում