Չինաստանը Հայաստանին եւս 200 շտապ օգնության մեքենա կտրամադրի

1 դեկտեմբերի, 2016  20:03

Հայաստանի Հանրապետությունում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Թիան Էրլունի եւ առեւտրային խորհրդական Վանգ Հոնգլենգի հետ հանդիպման ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանը բարձր է գնահատել  առողջապահության բնագավառում երկու երկրի համագործակցությունը։ Առանձնակի կարեւորվել են 2011թ. Հայաստանին շտապօգնության 88 մեքենայի տրամադրումը եւ Չինաստանում հայ բժիշկների, առողջապահության կազմակերպիչների, դեղագետների վերապատրաստումը, այդ թվում ավանդական բժշկության ուղղությամբ:

Լեւոն Ալթունյանը շնորհակալություն է  հայտնել չինական կողմին` որպես օգնությունՀայաստանին շտապ օգնության եւս 200 մեքենա տրամադրելու պատրաստակամություն հայտնելու համար:  «Դրա շնորհիվ կկարողանանք լիովին լուծել մեր երկրի շտապ օգնության ծառայությունում առկա խնդիրները»,-ասել է նախարարը` ընդգծելով, որ ինչպես նախկինում, այնպես էլ առաջիկայում ստացված մեքենաների զգալի մասը կաշխատեն մարզերում: 

Դեսպանի խնդրանքով նախարարը ներկայացրել է առողջապահական համակարգում ծրագրվող բարեփոխումներն ու հեռահար նպատակները։ 

Թիան Էրլուն նշել է, որ չինական կողմը պատրաստ է աջակցելու նաեւ հեռաբժշկության ոլորտում` ապահովելով մասնագիտական խորհրդատվություն։

Երկուստեք կարեւորվել է առողջապահության ոլորտում  համագործակցության զարգացումն ու ընդլայնումը։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում