Նույնիսկ մեկ անքուն գիշերը կարող է վնասել սրտին

5 դեկտեմբերի, 2016  13:10

Քրոնիկ անքնությունը շատ վտանգավոր է առողջության համար. կանոնավորապես քիչ քնող մարդկանց իմունիտետը նվազում է, դեպրեսիա եւ այլ հիվանդություններ են առաջանում: Շատերը կարծում են, որ մի քանի անքուն գիշերը, ի տարբերություն կանոնավորապես քիչ քնելուն, առանձնապես վտանգավոր չէ առողջության համար, բայց, հետազոտությունների համաձայն, այդպես չէ:

Գերմանական Բոննի համալսարանի գիտնականների նոր հետազոտության արդյունքները վկայում են, որ քնի նույնիսկ կարճաժամկետ խախտումը կարող է առողջական լուրջ խնդիրներ առաջացնել: Դենիել Քյութինգի գլխավորած գիտնականների խմբի փորձին 19 տղամարդ եւ մեկ կին է մասնակցել:

Մեկ օրվա ընթացքում ընդամենը 3 ժամ քնելուց հետո նրանք սիրտ-անոթային մագնիսական ռեզոնանսի գործողություն են անցել: Գիտնականները մասնակիցներից արյան եւ մեզի անալիզ են վերցրել, նաեւ չափել նրանց արյան ճնշումը: Հետազոտության մասնակիցներին թույլ չեն տվել կոֆեին եւ տեոբրոմին պարունակող ըմպելիքներ կամ մթերք օգտագործել, օրինակ՝ շոկոլադ, ընկուզեղեն կամ թեյ:

Արդյունքում գիտնականները պարզել են, որ նույնիսկ մեկ անքուն գիշերվա հետեւանքով մասնակիցների ճնշումը բարձրացել է, նրանց արյան մեջ ավելացել է սթրեսի հետ կապված հորմոնների կենտրոնացումը:

Այս հետազոտությունը եւս մեկ անգամ վկայում է այն մասին, որ քունը շատ կարեւոր է եւ պետք չէ այն անտեսել, եթե անգամ խոսքը մեկ գիշերվա մասին է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում