2016 թվականի 11 ամիսների ընթացքում 62670 մարդ հաշմանդամության կարգ է ստացել

9 դեկտեմբերի, 2016  18:30

Հայաստանում 2016 թվականին հաշմանդամություն ունեցող անձանց մեծամասնությունը շարունակում են կազմել 18 տարեկանից մեծ անձինք, իսկ ամենատարածված պատճառները շարունակում են մնալ սրտանոթային հիվանդությունները: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 9-ին, լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության պետ Արմեն Սողոյանը: Նա ներկայացրեց հաշմանդամություն ունեցող անձանց 2016թ. առաջին 11 ամիսների թվային վիճակագրությունը:

Ըստ այդ վիճակագրության՝ դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում կա 204770 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից 8147-ը երեխաներ են: 1-ին խմբի հաշմանդամություն ունի 10174 անձ, որը կազմում է ընդհանուրի 5%-ը: 2-րդ խմբի հաշմանդամություն ունի 78231 անձ, կամ՝ ընդհանուրի 38,2%-ը: 3-րդ խմբի հաշմանդամություն ունի 108218 անձ, կամ՝ ընդհանուրի 52,8%-ը: Եթե 1-ին եւ 2-րդ խմբերում տղամարդիկ գերակշռում են, ապա 3-րդ խմբում կանանց թիվն ավելին է:

Առաջին 11 ամիսների ընթացքում փորձաքննվել է 66009 անձ, որոնցից հաշմանդամության կարգ տրամադրվել է 62670-ի, այսինքն՝ մոտ 3300 հոգու հաշմանդամության չի տրամադրվել:

Առաջին անգամ փորձաքննվել է 16645 անձ, որոնցից հաշմանդամության կարգ է տրամադրվել14816 անձի, չի տրամադրվել՝ 1829 հոգու:

Վերափորձաքննվել է 49364 հաշմանդամություն ունեցող անձ, որոնցից հաշմանդամության կարգ է տրամադրվել 47854 անձի, չի տրամադրվել՝ 1510 հոգու:

Մինչեւ 18 տարեկան փորձաքննվել է 1209 անձ, որոնցից հաշմանդամություն է սահմանվել 1069 անձի:

Երեխաներից փորձաքննվել է 1742 անձ, որոնցից հաշմանդամություն է սահմանվել 1633 անձի:

Արմեն Սողոյանը ներկայացրեց նաեւ հաշմանդամ ճանաչվածների կառուցվածքը՝ ըստ ամենատարածված հիվանդությունների։ Ըստ այդ ցուցանիշի՝ առաջին տեղում սրտանոթային հիվանդություններն են, որոնք կազմում են 31,5%, հոգեկան առողջության խնդիրները կազմում են 11%, նորագոյացությունները՝ 8,2%, նյարդային հիվանդությունները՝ 8,1%, էնդոկրին հիվանդությունները՝ 7,6%:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում