Մանկաբարձ-գինեկոլոգների գիտելիքների գնահատման համար մշակվել է 50 թեստ. ՀՀ ԱՆ

8 փետրվարի, 2017  18:13

Հայաստանի ստացիոնար բժշկական հաստատություններում աշխատող մանկաբարձ-գինեկոլոգների տեսական գիտելիքների գնահատման նպատակով մասնագիտական խմբերը մշակել են 50 թեստ` կազմված 250 խնդրից եւ 1250 ենթախնդրից։ Այս մասին հայտնել է ՀՀ ԱՆ գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը ՀՀ առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանի մոտ մանկաբարձ-գինեկոլոգների թեստավորման նախապատրաստական աշխատանքների քննարկման ժամանակ։

Միաժամանակ, կգնահատվեն մասնագետների գործնական հմտությունները, կուսումնասիրվի բուժհաստատությունների` անհետաձգելի բժշկական օգնություն ցուցաբերելու պատրաստվածության եւ առանձին ծառայությունների մակարդակը։

Ինչպես հայտնում է ԱՆ մամուլի ծառայությունը, Ռազմիկ Աբրահամյանը ներկայացրել է, որ հանրապետությունում աշխատում է 793 մանկաբարձ-գինեկոլոգ, որից 471-ը` ստացիոնար ծննդօգնության բժշկական հաստատություններում։ Նրանցից 258-ն աշխատում է մայրաքաղաքում, 213-ը` մարզերում։  Գործող 58 ստացիոնար ծննդօգնության բժշկական կազմակերպությունից 12–ը (8-ը` 3-րդ մակարդակի, 4-ը` 2-րդ) Երեւանում են, 46-ը` մարզերում։

Լեւոն Ալթունյանը հանձնարարել է մասնագետների թեստավորումն անցկացնել էլեկտրոնային եղանակով։ Առողջապահության նախարարն առաջարկել է, որպեսզի մարզային ծննդօգնության հաստատություններում նախատեսվող ուսումնասիրությունները պլանային այցերի ընթացքում կատարի բուժհիմնարկների գործունեության օպտիմալացման եւ կազմակերպակառուցվածքային բարեփոխումների հանձնաժողովը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում