3 կանոն, որոնք կօգնեն լավ մարզավիճակում մնալ

13 փետրվարի, 2017  14:21

Հոլիվուդում դիետիկ սնվելու եւ նիհարելու հարցերով հայտնի փորձագետ Հարլի Պաստեռնակը նշել է, թե ինչ կանոններ է անհրաժեշտ պահպանել՝ լավ վիճակում մնալու եւ չգիրանալու համար: Մարզիչը խորհուրդ է տվել առաջին հերթին վերանայել սննդակարգը, նաեւ վերլուծել սեփական ամենօրյա սովորությունները:

Մի՛ կերեք յուղազերծ մթերքներ

Մասնագետը, ում հաճախորդներն են եղել Հոլլի Բերին, Մեգան Ֆոքսը եւ շատ այլ աստղեր, նշել է, որ յուղազերծ մթերքներն այնքան էլ օգտակար չեն, որքան կարծում են, հետեւաբար ցանկալի է դրանցից խուսափել:

Ավելորդ կիլոգրամներից ազատվել ցանկացողները հաճախ նախապատվություն են տալիս հենց յուղայնության ցածր ցուցանիշներով մթերքներին, սակայն ճշմարտությունն այն է, որ յուղազերծ մթերքներում շաքար շատ է պարունակվում, ուստի, մասնագետի խոսքով, դրանք ոչ միայն նիհարելուն չեն օգնի, այլեւ առողջությանը վնաս կպատճառեն:

«Շաքարը առողջության եւ քաշ կորցնելու համար ամենավատ մթերքներից մեկն է»,- նշել է մասնագետը:

Քաղցրեղենը պակասեցրեք

Ամենօրյա սննդակարգում նույն պատճառով պետք է բացառվի քաղցրեղենը, ասել է մասնագետը: Սակայն եթե քաղցր բան ուտելու ուժգին ցանկություն է առաջանում, ավելի լավ է չափավոր ծավալով իսկական աղանդեր ուտել, այլ ոչ թե դրա դիետիկ տարբերակը:

Սմարթֆոնները ձեզ խանգարում են

Մասնագետը սմարթֆոնների մշտական օգտագործումը առողջության եւ կազմվածքի համար չափազանց վտանգավոր է համարում: Գաջեթներից բաժանվելու անընդունակությունը սթրես է առաջացնում, որը ոչ միայն թուլանալուն է խոչընդոտում, այլեւ բացասաբար է ազդում քնի վրա, իսկ դա քաշի խնդիրներ է առաջացնում, նշել է Հարլի Պաստերնակը:

Նա խորհուրդ է տալիս ամեն օր գոնե մեկ ժամ սմարթֆոնը մի կողմ դնել եւ այդ ժամանակն ընթերցելուն, մեդիտացիային կամ զբոսանքին տրամադրել: Ավելի լավ է դա երեկոյան անել, քանի որ, ինչպես հայտնի է, սմարթֆոնների լուսարձակումը բացասաբար է ներգործում քնի որակի վրա:

Ոտքով հաճախ զբոսնեք

Մասնագետի խոսքով՝ ցանկալի է որքան հնարավոր է հաճախ զբոսնել ոտքով:

«Նման զբոսանքները ոչ միայն առողջության ամրացմանն են նպաստում, այլեւ դրական են ազդում ֆիզիկական վիճակի վրա»,- նշել է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում