Ուղեղի ուռուցքը կբուժեն կատաղության վիրուսի օգնությամբ

15 փետրվարի, 2017  11:57

Հարավային Կորեայի Սոնգյունգվան համալսարանի գիտնականները ուղեղի ուռուցքների բուժման համար նանոմասնիկներ են ստեղծել՝ դրանց տալով կենտրոնական նյարդային համակարգ թափանցելու հատկություն՝ կատաղության վիրուսի (Rabies virus) նման: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Advanced Materials ամսագրում:

Կատաղության վիրուսը մենինգոէնցեֆալիտ է առաջացնում՝ հաղթահարելով հեմատոէնցեֆալային պատնեշը, որն իրարից բաժանում է արյունատար եւ կենտրոնական նյարդային համակարգերը: Վերջինը գլխուղեղի նեյրոնները պաշտպանում է միկրոօրգանիզմներից եւ տոքսիններից՝ ֆիլտրի դեր կատարելով: R.virus-ն անցնում է վնասված հյուսվածքներից, որտեղ վարակված կենդանու կծոցի կամ թքի հետեւանքով ընկնում է նեյրոնների աքսոններով, ինչը թույլ է տալիս պաշտպանությունը հաղթահարել:

Քանի որ պատնեշը խանգարում է ուղեղի ուռուցքների բուժման համար նախատեսված դեղամիջոցների թափանցմանը,  գիտնականները նանոմասնիկներ են ստեղծել, որոնք ծածկված են կատաղության վիրուսի սպիտակուցով: Այս սպիտակուցը գտնվում է R.virus-ի մակերեւույթին՝ վերջինիս թույլ տալով թափանցել նյարդային բջիջներ՝ կապվելով դրանց ռեցեպտորների հետ: Մասնիկները պատրաստվել են ոսկուց եւ նույն ձեւն են ունեցել, ինչ կատաղության վիրուսը: Դրանք իրենց մեջ դեղամիջոցներ չեն կրել, սակայն հեշտ էին կլանում լազերի լույսը, տաքանում էին եւ սպանում իրենց շրջապատող հյուսվածքները:

Նանոմասնիկները մտցվել են գլխուղեղի ուռուցքներ ունեցող 4 մկների պոչերակի մեջ: Դրանք կուտակվում էին հիվանդությամբ ախտահարված հյուսվածքներում, որից հետո ճառագայթահարվում էին ինֆրակարմիր լույսով, որն անցնում է մաշկով եւ ոսկրերով առանց կենդանուն վնաս պատճառելու: Մասնիկների ջերմաստիճանի բարձրացումը նպաստում էր ուռուցքների չափերի փոքրացմանը:

Սակայն մի շարք գիտնականներ ստացած արդյունքներին կասկածում են: Բանն այն է, որ կատաղության վիրուսն աքսոններով շատ դանդաղ է տեղաշարժվում՝ ժամում գրեթե 3 մմ:  Փորձի ժամանակ նանոմասնիկները մկների ուղեղ են թափանցել մի քանի ժամ հետո: Դրանից բացի, դրանց տաքանալը կարող է վնասել նաեւ առողջ հյուսվածքները: Սակայն հարավկորեացի գիտնականները կարծում են, որ հետագայում իրենց կհաջողվի այս խնդիրը լուծել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում