Ինչո՞ւ պետք է երեխաներին թույլ տալ խաղալ ուտելիքի հետ

20 փետրվարի, 2017  22:14

Երեխաներին պետք է թույլ տալ խաղալ ուտելիքի հետ, այդ դեպքում նրանք մեծ հավանականությամբ այն կուտեն, պարզել են Մեծ Բրիտանիայի Լեսթերի Դե Մոնֆորի համալսարանի գիտնականները: Հետազոտության արդյունքները հրապարակվել են Appetite պարբերականում:

Փորձին մասնակցել են Նորթհեմփթոնում բնակվող 3-ից մինչեւ 4 տարեկան 62 երեխաներ: Երեխաներին առաջարկել են պատկերներ վերարտադրել «Շատ քաղցած թրթուրը» գրքի հիման վրա եւ երեխաներին բաժանել են 2 խմբի:

Առաջին խմբին տվել են մրգերով, բանջարեղենով եւ հատապտուղներով ուտելիք՝ ներառյալ բրոկոլի, սպանախ, գազար, վարունգ, լոլիկ, կանաչ լոբի, բողկ, բանան, նարինջ, կիտրոն եւ հապալաս: Երեխաները պետք է կերակուրի միջոցով կառուցեին անկուշտ միջատի մասին գրքում տեղի ունեցողը: Երկրորդ խումբը նույն բանով է զբաղվել, սակայն օգտագործել է գլխարկի փուփուլները, փետուրներ, փայլեր եւ ոչ ուտելի այլ պարագաներ:

Խաղից անմիջապես հետո երեխաներին առաջարկել են ուտել: Հետազոտությամբ պարզվել է, որ  զգալիորեն ավելի մեծ քանակով բանջարեղեն եւ միրգ են կերել հենց այն երեխաները, որոնք ուտելիքի հետ խաղացել են: Գիտնականների կարծիքով՝  խաղի ընթացքում երեխաները հասցրել են «մթերքների» հետ ծանոթանալ եւ նրանց հետ փոխազդեցության մեջ են մտել,  հետեւաբար ավելի հակված էին այն օգտագործելուն:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում