Լեւոն Ալթունյանն ընտրվել է «Առողջապահության կազմակերպիչների միավորում» ՀԿ–ի պատվավոր նախագահ

20 փետրվարի, 2017  14:58

Առողջապահության նախարար Լեւոն Ալթունյանն փետրվարի 20-ին տեղի ունեցած «Առողջապահության կազմակերպիչների միավորում» հասարակական կազմակերպության VI համագումարին ընտրվել է ՀԿ-ի պատվավոր նախագահ։

Համագումարին ներկայացվել եւ քննարկվել են անցած մեկ տարվա ընթացքում կատարված աշխատանքները, հայտնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։

Հասարակական կազմակերպությունը շուրջ 20 տարվա գործունեության ընթացքում ոչ միայն իր մասնակցությունն է ունենում ոլորտում շարունակաբար ընթացող բարեփոխումների իրականացման գործում, այլեւ հանդես է գալիս բնակչության առողջության բարելավմանն ուղղված նախաձեռնություններով։

Կարեւորելով հասարակական եւ մասնագիտական կազմակերպություների հետ համագործակցությունը` Լեւոն Ալթունյանն ընդգծել է. «Մենք համատեղ ջանքերով կարող ենք եղած ներուժն առավել արդյունավետ ծառայեցնել առողջապահության քաղաքականության իրականացմանը։ Նախարարությունն այսօր մեծապես կարեւորում է բարեփոխումային ծրագրերի թափանցիկությունը, եւ այս գործում ակնկալում եմ ձեր աջակցությունը»։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում