Տաքացվող նստատեղերը վտանգավո՞ր են տղամարդու առողջության համար

21 փետրվարի, 2017  23:47

Ձմռանը տաքացվող նստատեղերը շատ հարմարավետ են, սակայն տղամարդու առողջության համար կարող են վտանգավոր լինել: Այս մասին առաջինը հայտնել է գերմանացի ուրոլոգ Հերբերթ Շփերլինգը, որը հայտարարել է, որ տաքացվող ավտոնստատեղերը տղամարդու առողջության համար նույնիսկ ավելի վտանգավոր են, քան կիպ անդրավարտիքները:

Ինչո՞ւ են տաքացվող նստատեղերը այդքան վտանգավոր: Այս հարցի շուրջ NEWS.am Medicine-ը զրուցեց  սեքսապաթոլոգ Սեւադա Հակոբյանի հետ:

Մասնագետի խոսքով՝ պատահական չէ, որ տղամարդու ամորձիները մարմնի մեջ չեն. ամորձապարկում ջերմաստիճանը մոտ 1-3 աստիճանով ցածր է, քան մարմնում՝ հենց այսպիսի ջերմաստիճան է անհրաժեշտ սերմնաբջիջների հասունացման համար: Երբ տղամարդը նստած է ինչ-որ տաք բանի վրա, նրա հետույքի եւ սեռական օրգանների ջերմությունը բարձրանում է, որը կարող է չափազանց բացասաբար անդրադառնալ հասունացող սերմնաբջիջների վրա եւ դրանք քիչ շարժունակ դարձնել: Արդյունքում սերմնաբջիջի որակը վատթարանում է, եւ տղամարդու մոտ կարող են երեխա բեղմնավորելու հետ կապված խնդիրներ առաջանալ:

Կարծիք կա, որ տաքացնելը եւ արյան շրջանառության խանգարումը կարող են խորացնել վարիկոցելեի առաջացումը՝ սերմնալարի ողկույզանման երակային ցանցի վարիկոզ լայնացում: Վարիկոցելեն ինքնին տղամարդկանց անպտղության առաջացման եւս մեկ գործոն է:

Տաքացնելը հակացուցված է ցանկացած տեղայնացման ուռուցքային հիվանդություններին, քանի որ ջերմային էֆեկտը նպաստում է ուռուցքների աճին՝ ինչպես բարորակ, այնպես էլ չարորակ:

Բորբոքային սուր պրոցեսների դեպքում տաքացնելը կարող է բացասաբար ազդել ֆագոցիտների ֆունկցիայի վրա եւ հյուսվածքներում լիմֆոստազի զարգացում առաջացնել, այսինքն՝ այտուցի:

Մասնագետներից շատերը կարծում են, որ ցանկացած դեպքում վտանգավոր է միայն տաքացվող մակերեւույթների վրա հաճախակի եւ երկարատեւ նստելը: Տաքացվող նստատեղով ավտոմեքենայով եզակի ուղեւորությունից սարսափելի ոչ մի բան չի պատահի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում