Օրական 10 բաժին մրգի եւ բանջարեղենի օգտագործումը երկարացնում է կյանքը: Նման ենթադրություն են հայտնել Լոնդոնի Imperial college-ի գիտնականները:
Նրանց հաշվարկով՝ այս խորհրդին հետեւելու դեպքում հնարավոր կլինի տարեկան 7.8 մլն վաղաժամ մահ կանխել:
Մեկ բաժինը 80 գրամ է: Գրեթե այսքան են կշռում մեկ բանանը, տանձը կամ երեք թեյի գդալ սպանախն ու ոլոռը:
Օրական 200 գրամ միրգն ու բանջարեղենը նվազեցնում են՝
սիրտ-անոթային հիվանդություններից մահացության վտանգը՝ 13%-ով, քաղցկեղի առաջացման վտանգը՝ 4%-ով, վաղ մահացության վտանգը՝ 15%-ով:800 գրամ միրգն ու բանջարեղենը նվազեցնում են՝
սիրտ-անոթային հիվանդություններից մահացության վտանգը՝ 28%-ով, քաղցկեղի առաջացման վտանգը՝ 13%-ով, վաղ մահացության վտանգը՝ 31%-ով:Փորձագետները նման եզրահանգման են եկել 95 տարբեր հետազոտությունների հիման վրա, որոնց ընթացքում ուսումնասիրել են 22 մլն մարդկանց սննդային սովորույթները: Արդյունքները հրապարակվել են International Journal of Epidemiology ամսագրում:
Գիտնականները նաեւ առանձնացրել են մրգեր եւ բանջարեղեն, որոնք ավելի արդյունավետ են պայքարում տարբեր հիվանդությունների առաջացման վտանգի դեմ: Այսպես, քաղցկեղի պարագայում նախընտրելի է դեղին եւ կանաչ բանջարեղենը, օրինակ՝ սպանախն ու պղպեղը, ծաղկակաղամբը:
Սիրտ-անոթային համակարգի հիվանդությունների վտանգը նվազեցնում են խնձորը, տանձը, ցիտրուսները, հազարը:
Մրգերն ու բանջարեղենը նվազեցնում են նաեւ խոլեստերինի մակարդակը, արյան ճնշումը, առողջացնում են արյունատար եւ իմունային համակարգը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը խորհուրդ է տալիս օրական հինգ բաժին միրգ եւ բանջարեղեն ուտել (շուրջ 400 գրամ): Բժիշկները, սակայն, նշում են, որ ոչ բոլորը կարող են իրենց թույլ տալ հետեւել ԱՀԿ-ի խորհուրդներին:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում