Գլյուտեն չպարունակող սննդակարգ՝ օգտակա՞ր է, թե՞ վնասակար

12 մարտի, 2017  23:16

Վերջին տարիներին մեծ թվով հայտնիներ խորհուրդ են տալիս սննդակարգից ամբողջովին բացառել այն սնունդը, որը գլյուտեն (կամ սնձան) է պարունակում: Սակայն նոր հետազոտությամբ պարզվել է, որ նման սահմանափակումից վնասը կարող է ավելի շատ լինել, քան օգուտը:

Գլյուտենը պաշարվող սպիտակուցների խումբ է, որոնք պարունակվում են հատիկավոր բույսերի սերմերում (ցորենում, տարեկանում, գարիում եւ այլ բույսերում):  Գլյուտեն չպարունակող սննդակարգը համարվում է ցելիակիա կոչվող հիվանդության բուժման բժշկության մեջ միակ ընդունված մեթոդը: Ցելիակիայով հիվանդները ստիպված են ստուգել գնվող յուրաքանչյուր մթերք, այդ պատճառով մթերքներից շատերի փաթեթների վրա այսօր կարելի է հանդիպել  «գլյուտեն չի պարունակում» գրառումը: Սակայն հիմա Լոս Անջելեսում (իսկ նրանից հետո ամբողջ աշխարհում) գլյուտենի շուրջ իսկական հիստերիա է ծավալվում: Վերջին տարիներին ավելի մեծ թվով աստղեր եւ ոչ այնքան մեծ թվով դիետոլոգներ գլյուտեն չպարունակող սննդակարգ են խորհուրդ տալիս իբր առողջության ամրապնդման եւ կազմվածքի պահպանման համար:

Թրենդային սննդակարգը, կողմնակիցներից բացի, ունի նաեւ հակառակորդներ, քանի որ գլյուտենից հրաժարվելու դեպքում ոչ մի երկարաժամկետ դրական արդյունքի ապացույցներ չեն հայտնաբերվել: Սրտի ամերիկյան ասոցիացիայի  (American Heart Association) մասնագետները որոշել են այս հարցի վրա լույս սփռել եւ համապատասխան հետազոտություն են կատարել:

Հետազոտության ընթացքում բժիշկները հավաքել են ավելի քան 200 հազար մարդկանց առողջական տվյալները, որոնց մեծ մասը օրական 12 գրամից պակաս գլյուտեն է օգտագործել:

30 տարվա ցուցանիշները ցույց են տվել, որ սննդակարգում սնձանի առավելագույն քանակ պգտագործած մասնակիցների շրջանում տիպ 2 շաքարախտի առաջացման հավանականությունն ավելի փոքր է եղել: Իսկ ահա նրանք, ովքեր սննդակարգում գլյուտենի օգտագործումը նվազեցրել են կամ ընդհանրապես բացառել, այս հիվանդության հետ ավելի հաճախ են բախվել: Վերջին խմբում հավանականությունը միջինում 13 տոկոսով մեծացել է:

Հետազոտողները կարող են միայն ենթադրել, թե այսպիսի էֆեկտի պատճառը որն է: Հավանաբար, բանն այն է, որ սնձան պարունակող մթերքներից հրաժարվելով՝ մարդիկ նաեւ սկսում են քիչ բջջանյութ օգտագործել: Իսկ այս նյութը տիպ 2 շաքարախտի առաջացումից պաշտպանող հայտնի գործոնն է:

«Ցելիակիա չունեցող մարդիկ կարող են վերանայել սնձանի օգտագործման սահմանափակումը՝ քրոնիկական հիվանդությունների կանխարգելման համար, հատկապես շաքարախտի»,- կարծում է աշխատության համահեղինակ եւ Հարվարդի համալսարանի Սնունդի դեպարտամենտի գիտաշխատակից Գեն Ձունը:

Դրա հետ մեկտեղ, 2014 թվականին ԱՄՆ-ի Ազգային հետազոտական կենտրոնը գլյուտեն չպարունակող սննդակարգի թեմայով հարցում է անցկացրել: Պարզվել է, որ հարցված մեծահասակ ամերիկացիների մոտ երրորդ մասը այսօր ձգտում է կրճատել սնձանի օգտագործումը՝ այն դեպքում, երբ ցելիակիան ԱՄՆ-ում հանդիպում է բնակչության միայն 1 տոկոսի շրջանում: Այսինքն՝ մարդկանց մեծամասնությունն իսկապես հավատում է գլյուտենից հրաժարվելու օգուտին:

2009 թվականին Իսպանիայում կատարված հետազոտությամբ պարզվել է, որ գլյուտեն չպարունակող սննդակարգին նույնիսկ միայն մեկ ամիս հետեւելը բավական է, որ աղիներում զգալիորեն պակասեն օգտակար բակտերիաների պոպուլյացիաները: Մեկ այլ հետազոտությամբ հաստատվել է, որ սնձանը բարերար ազդեցություն ունի մարդու իմունային համակարգի աշխատանքի վրա:

Գիտնականները ընթացիկ աշխատանքի մասին խոսելիս նշել են, որ եզրակացությունները հիմնվել են իրենց մասնակիցների տրամադրած տվյալների վրա: Դրանից բացի, գլյուտեն չպարունակող սննդակարգերը տարածում են գտել միայն վերջին մի քանի տարիներին, իսկ հետազոտությունը սկսվել է դրանից շատ ավելի վաղ:

Հեղինակների կարծիքով՝ ամեն դեպքում, եղած տվյալներն իսկ բավական են, որպեսզի գլյուտենից հրաժարվելը, առանց դրա համար բժշկական ցուցումներ ունենալու, ճանաչվի որպես նվազագույնը վիճելի հարց:

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում