Հեռացրել են 11-ամյա տղայի՝ 540 աստիճանով ոլորված ամորձին

12 ապրիլի, 2017  22:49

Չինաստանում հեռացրել են 11-ամյա տղայի ամորձին, որը 540 աստիճանով ոլորվել էր եւ արյան շրջանառության խանգարման հետեւանքով սեւացել էր:

Լյան Լյան անունով հայտնի տղայի ծնողները նրան հիվանդանոց են տեղափոխել, երբ նկատել են, որ նրա քայլվածքը տարօրինակ կերպով փոխվել է: Հանչժոու քաղաքի հիվանդանոցի բժիշկները հայտնաբերել են, որ նրա ամորձին ոլորվել է իր շուրջը, որի հետեւանքով արյան շրջանառությունը խանգարվել է, եւ սկսվել հյուսվածքների մեռուկացում: Քանի որ այդ ամորձին այլեւս չէր կարող «գործել», վիրաբույժները ստիպված էին այն հեռացնել:

Այս խանգարումը բժշկության մեջ հայտնի է սերմնապարանի ոլորում անվամբ, որը հաճախ առաջանում է ամորձապարկի վնասվածքի կամ ֆիզիկական ինտենսիվ ծանրաբեռնվածությունների հետեւանքով: Այս երեւույթն ավելի հաճախ առաջանում է 12-16 տարեկան տղաների շրջանում: Չնայած՝ սա կարող է առաջանալ ցանկացած տարիքում, նույնիսկ քնած ժամանակ:

Չինացի բժիշկները նշել են, որ մահացած ամորձին պահելու ոչ մի իմաստ չկար: Նրանք ընդգծել են, որ Լյան Լյան տառապում է երկկողմանի կրիպտորխիզմով. հիվանդություն, երբ տղայի ծնվելուց հետո ամորձիններն ամբողջովին չեն իջնում ամորձապարկի մեջ: Դրա հետեւանքով նրանք մասամբ մնում են մարմնի մեջ, ինչը եւ առաջացնում է սերմնապարանի ոլորումը: Եթե կրիպտորխիզմով տղան լույս աշխարհ գալուց հետո առաջին 6 ամիսներին վիրաբուժական օգնություն չի ստանում, ապա ամորձիների նորմալ ֆունկցիայի հավանականությունը շատ փոքր է:

Լյան Լյանի դեպքում առայժմ հայտնի չէ՝ նա կկարողանա՞ երբեւէ երեխաներ ունենալ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում