Ի՞նչ անել սեզոնային ալերգիայի սրման դեպքում

29 ապրիլի, 2017  19:56

Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում, մեծանում է սեզոնային ալերգիայի դեպքերի թիվը, որոնք առաջացնում է ծաղկափոշին: Ապրիլի 29-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց ալերգոլոգ Սեւան Իրիցյանը: Նա հավելեց, որ մեծացել է նաեւ հիվանդների դիմելիությունը, ինչը վկայում է իրազեկվածության, նաեւ ախտորոշման որակի բարձրացման մասին:

Նրա խոսքով՝ նախկինում համարվում էր, որ Հայաստանում սեզոնային ալերգիան հիմնականում առաջանում է ծառերի ծաղկման հետեւանքով, սակայն վերջին տարիների լաբորատոր հետազոտությունները ցույց են տալիս, որ մեզ մոտ ավելի շատ տարածված է խոտաբույսերի ծաղկման հետեւանքով առաջացող ալերգիան: Այս ալերգիան (ալերգիկ ռինիտ)  դրսեւորվում է քթի լորձաթաղանթի բորբոքմամբ, քթի, ականջների եւ աչքերի մեջ քորով: Ալերգիկ ռինիտը պարտադիր պետք է հսկողության ներքո պահել, քանի որ այն կարող է ծանր բարդություններ առաջացնել՝ ալերգիկ ասթմա, որն էապես նվազեցնում է մարդու կյանքի որակը:

Օտորինոլարինգոլոգ Արմեն Նազանյանը լրագրողներին հայտնեց, որ աշխարհում ալերգիայի տարածվածությունը կազմում է 10-25 տոկոս՝ կախված տարածաշրջանից, եւ սա առողջապահական լուրջ խնդիր է: Աշխարհում այս հիվանդությամբ տառապում է ընդհանուր 500 մլն մարդ: Հայաստանում ստույգ վիճակագրական տվյալներ չկան, սակայն կլինիկական փորձով կարելի է ասել, որ հիվանդացությունն աճում է:

Սեզոնային ալերգիայի՝ ալերգիկ ռինիտի հիմնական ախտանիշներն են շնչելու դժվարությունը, քորի երկարատեւ նոպաները: Օտորինոլարինգոլոգի խոսքով՝ վտանգավոր է ոչ թե ինքնին ռինիտը, այլ դրա հնարավոր բարդությունները՝ պոլիպոզ սինուսիտը եւ ասթման:

Արմեն Նազանյանը ալերգիայով հիվանդացության աճի հիմնական պատճառ է համարում շրջակա միջավայրի գործոնը: Նա նաեւ նշեց, որ ալեգիայով հիվանդանում են որոշակի մասնագիտությունների տեր մարդիկ՝ քիմիական արդյունաբերության աշխատակիցները, խոհարարները եւ վարսավիրները:

Սեւան Իրիցյանն, իր հերթին, նշեց, որ հիվանդացության աճի 2 վարկած կա՝ շրջակա միջավայրի աղտոտվածությունը եւ այսպես կոչված՝ հիգիենայի տեսությունը: Դրա էությունն այն է, որ մենք որքան ավելի շատ ստերիլ պայմաններում ենք ապրում, այնքան իմունային համակարգը վարժվելու ավելի փոքր հնարավորություններ ունի: Իսկ ալերգիան ոչ այլ ինչ է, քան իմունային համակարգի աշխատանքի խանգարում, երբ այն թշնամական է համարում այն նյութերը, որոնք իրականում անվնաս են: Նույն ծաղկափոշին, կենդանական մորթին, սննդամթերքները, դեղերը: Ալերգիան մեծ թվով տեսակներ ունի, եւ հիվանդությունը շատ արագ է փոփոխվում:  Բավական է հիշել, որ սեզոնային ալերգիայի առաջին դեպքի՝ խոտատենդի կլինիկական նկարագրությունը կատարվել է ընդամնեը 200 տարի առաջ: Այսինքն՝ 200 տարում այս հազվադեպ հիվանդությունն այն աստիճանի է զարգացել, որ սպառնում է մոլորակի բնակչության 25 տոկոսին:

Սեւան Իրիցյանը խորհուրդ տվեց ալերգիայի սրման դեպքում առաջին հերթին խուսափել ալերգենի հետ շփվելուց, երկրորդ՝ մասնագետի դիմել եւ ճշգրիտ ախտորոշում ստանալ: Հայաստանում այսօր արդեն նման հնարավորություն կա ախտորոշման ImmunoCAP մեթոդի շնորհիվ: Նա հավելեց, որ ալերգիայի ոչ բոլոր տեսակներն է հնարավոր ճշգրիտ ախտորոշել, սակայն 85 տոկոս դեպքերում հնարավոր է:

Ալերգիայի դեղորայքային բուժման կիրառվող միջոցներից մեկը՝ հակահիստամինային դեղերը եւ ստերոիդ սփրեյները ուղղված են հիվանդության հետեւանքների վերացմանը, այլ ոչ թե պատճառների: Սակայն աշխարհում, նաեւ Հայաստանում այսօր արդեն հասանելի է, այսպես կոչված, ալերգեն–սպեցիֆիկ իմունոթերապիան, որն ուղղված է կոնկրետ ալերգենի նկատմամբ իմունիտետ մշակելուն: Սա երկարատեւ բուժում է, սակայն ավելի նախընտրելի տարբերակ է, որը երկարատեւ ռեմիսիայի կամ լիակատար բուժման է բերում:

Սեւան Իրիցյանը հավելեց, որ ալերգիաներն ավելի շատ տարածված են երեխաների շրջանում, քանի որ դա իմունային պատասխանի սխալ կարգավորում է, որը տարիքին զուգահեռ կարող է շտկվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում