5 սննդամթերք, որոնք չարժե խանութներից գնել

15 մայիսի, 2017  10:58

Այսօր խանութներում գործնականում ամեն ինչ կգտնես, ինչի կարիքը ժամանակակից մարդն ունի, սակայն կան մթերքներ, որոնք չարժե խանութից գնել: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում այդ մթերքներից մի քանիսը:

Կտրատված բանջարեղեն եւ մրգեր

Գործնականում բոլոր սուպերմարկետներում կարելի է գնել մաքրված կտրատած մրգեր եւ բանջարեղեն, որոնք օգտագործման համար պատրաստ են: Երբեք այն չգնեք: Բանն այն է, որ այս մրգերում եւ բանջարեղենում կարող են լինել ահռելի քանակով վտանգավոր վիրուսներ եւ բակտերիաներ, որոնք այնտեղ են հայտնվել կտրելիս: Դուք չեք կարող իմանալ, թե խանութի աշխատակիցները կտրատելուց առաջ որքանով են բարեխղճորեն լվացել այդ մրգերն ու բանջարեղենը: Դուք նաեւ չգիտեք՝ արդյոք մաքո՞ւր դանակներ են օգտագործել եւ ձեռնոց հագե՞լ են: Մրգերի եւ բանջարեղենի խոնավ միջավայրում բակտերիաները հեշտ են կենսունակ մնում եւ բազմանում են, ուստի կարող են առանձնապես լուրջ վտանգ ներկայացնել:

Եթե միրգ-բանջարեղեն ուտելու ցանկություն ունեք, ամբողջական գնեք, մանրամասն լվացեք եւ ինքնուրույն կտրատեք:

Հաց

Խանութներում վաճառվող հացը սովորաբար պահպանման ժամկետը երկարացնելու համար կոնսերվանտներ է պարունակում, նաեւ համը ուժեղացնող եւ թանձրացնող նյութեր: Ավելին՝ խանութներում վաճառվող «դիետիկ» հացը ստուգելիս հաճախ  պարզվում է, որ սովորական սպիտակ հաց է, որին «գույն» են ավելացրել:

Մասնագետներից շատերի կարծիքով՝ ավելի լավ է հաց գնել փուռ ունեցող հացաբուլկեղենի փոքր խանութներից եւ հարցնել, թե ինչ բաղադրամասերով է պատրաստվել:  Իսկ լավագույն տարբերակը տանը հաց թխելն է, այդ դեպքում դուք ճշգրիտ կիմանաք, թե այն ինչ բաղադրամասեր է պարունակում:

Համեմունքներ

Սուպերմարկետներում վաճառվող համեմունքները սովորաբար ոչ «մաքուր» արտադրանք են, իսկ խառնուրդն ավելի էժանագին համեմունքներով է պատրաստված: Օրինակ՝ դարչինը հաճախ խառնում են հիրիկին, զաֆրանը՝ վայրի քրքումին: Համեմունքների համն ուժեղացնելու համար հավելում են նաեւ նատրիումի գլուտամատ: Ավելի լավ է բույսերից համեմունքները տանը պատրաստել կամ գնել մասնագիտացված խանութներից, որոնց վստահում եք:

Մայոնեզ

Սովորաբար մայոնեզը պետք է միայն քացախ, բանջարեղենային յուղ, ձու եւ համեմունքներ պարունակի: Սակայն սուպերմարկետներում վաճառվող արտադրանքը շատ կոնսերվանտներ, թանձրացնող, կայունացնող, բուրավետ նյութեր եւ շաքար է պարունակում: Եթե մայոնեզ շատ եք սիրում, ավելի լավ է տանը ինքնուրույն պատրաստել:

Շշալցված թեյ

Շշալցված սառը թեյը, որը վաճառվում է սուպերմարկետներում, շաքարով, սոդայով, քիմիական բուրավետ եւ քաղցրացնող նյութերով ջուր է: Եթե ցանկանում եք սառը թեյ խմել, այն տանը պատրաստեք:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում