«Չիպի վրա սիրտ» է ստեղծվել՝ նոր դեղերի մշակմանն օգնելու համար

15 մայիսի, 2017  16:21

Լիվերմորի Լորենսի Ազգային լաբորատորիայի գիտնականները առաջին անգամ չիպի վրա սրտի արհեստական հյուսվածք են աճեցրել, որը կարող է սրտի միանգամից 2 ֆունկցիա մոդելավորել. կարող է կծկվել՝ «բաբախել», եւ խթանել սրտի էլեկտրաֆիզիոլոգիան՝ էլեկտրական այն ազդանշանները, որոնք կենսականորեն կարեւոր են սրտի լիարժեք աշխատանքի համար:

Նախկինում արհեստական հյուսվածքները կարող էին կատարել այս ֆունկցիաներից միայն մեկը, որը դրանք նոր դեղերի թեստավորման համար լիովին պիտանի չէր դարձնում: Քանի որ սիրտը համալիր օրգան է, ապա անհրաժեշտ է դեղամիջոցի ազդեցությունը ստուգել նրա հյուսվածքների բոլոր ֆունկցիաների վրա:

Նոր հարթակը թույլ է տալիս չափել հյուսվածքի կծկվելու եւ նրա մեջ անցնող էլեկտրական ազդանշանների ինտենսիվությունը, ինչը հետագայում թույլ կտա մասամբ ազատվել կենդանիների վրա կատարվող փորձարկումներից:

Հյուսվածքները լաբորատորիայում աճեցվել են 10 օրվա ընթացքում մարդու սրտի հյուսվածքներից: Բջիջները երկչափ հյուսվածք են ստեղծել, որն արդեն 2 օր հետո կարող էր «բաբախել»:

«Չիպով սրտի» վրա թեստավորվել է նորէպինեֆրինի ազդեցությունը՝ խթանիչ, որը կիրառվում է սրտային անբավարարության եւ արյան ցածր ճնշման բուժման համար: Հետազոտողները նշել են ինչպես կծկումների, այնպես էլ էլեկտրական ազդանշանների ինտենսիվության մեծացումը: Նույնն է տեղի ունենում նաեւ մարդու օրգանիզմում:

«Սրտի ռիթմի» փոփոխությունները իրական ժամանակի ռեժիմում գրանցվել են միկրոէլեկտրոդային մատրիցայի բարձր զգայնությամբ էլեկտրոդների միջոցով, որոնք տեղակայված են չիպի վրա: Փորձերի ժամանակ գիտնականների օգտագործած քիմիական միացություներից մեկը բերել է նրան, որ էլեկտրական ազդանշանների պահպանման դեպքում հյուսվածքում կծկումները դադարել են՝ այլ հարթակների միջոցով սա անհնար կլիներ նկատել մեկ փորձի ընթացքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում