Սոլյարի այցելելը 70 տոկոսով մեծացնում է մելանոմայի առաջացման հավանականությունը. մասնագետներ

23 մայիսի, 2017  22:23

Սոլյարի այցելելը 70 տոկոսով մեծացնում է մելանոմայի առաջացման հավանականությունը, հատկապես մինչեւ 30 տարեկան երիտասարդների շրջանում: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասացին մաշկաբանության եւ սեռավարակաբանության բժշկագիտական կենտրոնի տնօրեն Միքայել Սահակյանը եւ մաշկաբան Գեւորգ Շաքարյանը:

Մասնագետների խոսքով՝ ուլտրամանուշակագույն ճառագայթումը այս հիվանդության առաջացման ամենալուրջ գործոններից մեկն է: Մելանոման զարգանում է մելանոցիտներից, որոնք մելանին պիգմենտ են արտադրում, որը մաշկը պաշտպանում է ուլտրամանուշակագույն ճառագայթումից: Ուլտրամանուշակագույն ճառագայթների ավելցուկի դեպքում մելանոցիտների գենետիկ նյութը վնասվում է, որի հետեւանքով մեծանում է դրանց անվերահսկելի բազմացումն ու ուռուցքի զարգացումը:

Օրգանիզմը ավելցուկային ուլտրամանուշակագույն ճառագայթում է ստանում ոչ միայն բնական արեւահարման ժամանակ, այլ նաեւ սոլյարիում, այդ պատճառով սոլյարի հաճախելը, ինչպես եւ արեւահարումը, մելանոմայի առաջացման հավանականության լուրջ գործոն է համարվում:

Նշենք, որ որոշ տեղեկությունների համաձայն՝ տարեկան 20-ից ավելի անգամ սոլյարի հաճախելու դեպքում մաշկի քաղցկեղի առաջացման հավանականությունը կրկնապատկվում է. ըստ որում՝ մելանոմայի համար այս հավանականությունը մեծանում է 22 տոկոսով, հարթբջջային քաղցկեղի համար՝ 78 տոկոսով:

Նշենք նաեւ, որ մելանոման առավել ծանր ընթացք եւ լուրջ հետեւանքներ ունեցող ուռուցքներից մեկն է: Հետաքրքիր է, որ մելանոմային բաժին է ընկնում մաշկի քաղցկեղի բոլոր ձեւերի 10 տոկոսից ոչ ավելին, բայց դրա հետ մեկտեղ՝ մահվան ելքի 80 տոկոսը: Ըստ որում՝ մելանոման միանգամայն հաջող բուժվում է, եթե վաղ փուլերում է հայտնաբերվում, սակայն ուշ հայտնաբերվելու դեպքում 5-ամյա կյանք է գրանցվում հիվանդների միայն 10 տոկոսի մոտ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում