ԱՄՆ-ն եւ Մեքսիկան գլխավորել են ամենագեր բնակչությամբ երկրների ցուցակը (ֆոտո)

24 մայիսի, 2017  11:58

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության փորձագետները վերլուծել են աշխարհում ճարպակալման ցուցանիշները՝ պարզելու, թե որ երկրներում են ամենաշատը բնակվում ճարպակալմամբ մարդիկ: Պարզվել է, որ ամենագեր երկրները ԱՄՆ-ն եւ Մեքսիկան են: Այսպես՝ Նահանգներում 15 տարեկանից մեծ բնակչության 38,2 տոկոսը լիարժեք ճարպակալում ունի: Իսկ Մեքսիկայում ճարպակալմամբ է տառապում բնակչության 32,4 տոկոսը:

Վերջին տարիներին պահպանվող միտումը վկայում է, որ 2030 թվականին ԱՄՆ-ում բնակչության ճարպակալման ցուցանիշը 45 տոկոսից կանցնի, իսկ Մեքսիկայում՝ 39 տոկոսից:

Ներկայումս ամենագեր երկրների ցուցակի երրորդ հորիզոնականը զբաղեցնում է Նոր Զելանդիան: Այստեղ բնակչության 30,7 տոկոսը տառապում է ճարպակալմամբ: Նոր Զելանդիային հաջորդում են Հունգարիան, Ավստրալիան, Մեծ Բրիտանիան եւ Կանադան:

Իսկ ահա ամենաբարեկազմ երկիրը Ճապոնիան է: Այստեղ ավելորդ քաշ ունի մարդկանց ընդամենը 3,7 տոկոսը: Հաջորդում են՝ Կորեան, Իտալիան, Շվեյցարիան եւ Նորվեգիան:

Նշենք, որ Հայաստանն այս ցուցակում ընդգրկված չէ, սակայն, փորձագետներից շատերի կարծիքով, այսօր ավելորդ քաշն ու ճարպակալումը լայնորեն տարածված են նաեւ Հայաստանում, ըստ որում՝ ոչ միայն մեծահասակ բնակչության, այլ նաեւ երեխաների շրջանում:

Ճարպակալման խնդիրը ձեռք է բերում ավելի սպառնացող չափեր: Հիմնական խնդիրն այն է, որ ճարպակալումը վտանգ է ներկայացնում ինչպես իր՝ մարդու առողջությանը, այնպես էլ նրա ժառանգների: Օրինակ՝ Կարոլինի ինստիտուտի հետազոտության համաձայն՝ ավելորդ քաշ ունեցող կանայք ավելի հաճախ են ունենում էպիլեպսիայով տառապող երեխաներ: Ըստ որում՝ որքան կինը մեծ քաշ ունի, այնքան հավանականությունը մեծ է: Այսպես՝ ծանր ճարպակալումը երեխայի մոտ էպիլեպսիայի հավանականությունը մեծացնում է 82 տոկոսով: Հետազոտողների խոսքով՝ մոր ավելորդ քաշը երեխայի զարգացող ուղեղի վնասվածք է առաջացնում: Դրանից բացի՝ մեծացնում է օրգանիզմում բորբոքման մակարդակը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում