Սեքսով զբաղվելը կանանց կյանքի տեւողությունը երկարացնում է

9 հունիսի, 2017  22:37

Սեքսով պարբերաբար զբաղվելը կանանց ԴՆԹ-ի վրա պաշտպանական ազդեցություն է ունենում, պարզել են ամերիկացի գիտնականները: Սա գեղեցիկ սեռի սեռապես ակտիվ ներկայացուցիչներին թույլ է տալիս ավելի երկար ապրել:

Քալիֆորնիայի համալսարանի հետազոտողները 20-ից 50 տարեկան կանանց շրջանում հարցում են անցկացրել նրանց սեռական կյանքի վերաբերյալ: Նաեւ կատարվել է յուրաքանչյուրի արյան անալիզ՝ որոշելու համար նրա առողջական վիճակը: Հիմնական շեշտը դրվել է տելոմերների հետազոտման վրա, որոնք ԴՆԹ-ի վերջնամասին պաշպանական կափարիչի նման ինչ-որ բան են, ըստ որոնց կարելի է որոշել մարդու կենսաբանական տարիքը: Դրանք ժամանակի ընթացքում կրճատվում են եւ արդյունքում այնքան փոքր դառնում, որ բերում են բջիջների ոչնչացման:

Գիտնականները հայտնաբերել են, որ պարբերաբար սեքսով զբաղվող կանանց մոտ տելոմերներն ավելի երկար են, ինչը վկայում է նրանց կյանքի տեւողության համեմատաբար ավելի մեծ լինելու մասին:

«Սա կարեւոր հայտնագործություն է: Այն նոր ապացույցներ է տալիս, որ սեռական մերձեցումը բարելավում է մարդու առողջությունը»,- հայտարարել են Քալիֆորնիայի համալսարանից:

Հետազոտողները հայտնաբերել են, որ հետազոտության ընթացքում սեքսով զբաղված կանանց մոտ տելոմերները 30 տոկոսով ավելի շատ են եղել: Ըստ որում՝ հարաբերությունների որակը ոչ մի ազդեցություն չի ունեցել:

Գիտնականները տղամարդկանց չեն հետազոտել, սակայն կարծում են, որ սեռական ակտիվ կյանքը նրանց կյանքի տարիները նույնպես ավելացնում է. «Այս եզրակացությունը կարող է վերաբերել նաեւ տղամարդկանց, ոչ մի ակնհայտ պատճառ չկա, թե ինչու չի կարող այդպես լինել»:

Դրա հետ մեկտեղ, դեռեւս լիովին հասկանալի չէ, թե սեքսը հատկապես ինչպես է նման էֆեկտ ունենում: Վարկածներից մեկով՝ այն նվազեցնում է սթրեսը: Մեկ ուրիշ վարկածով՝ մեծացնում է քիլեր բջիջների արտադրումը, որոնք պայքարում են հիվանդությունների դեմ: Ըստ երրորդ վարկածի՝ երկարակեցության պատճառ կարող է լինել ուրախության հորմոն օկսիտոցինի արտադրումը: Այն նաեւ իմունային համակարգն է խթանում՝ մեծացնելով քիլեր բջիջների արտադրումը:

Բժիշկները հիմա մտադիր են փորձերը շարունակել եւ պարզել՝ արդյոք այս էֆեկտը կախվա՞ծ է նաեւ սեռական կյանքի հաճախականությունից:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում