Կիստան ճզմել է ամերիկացու ուղեղի կեսը

9 հունիսի, 2017  20:30

ԱՄՆ-ի Վայոմինգ նահանգի Մեթրո Հելսի հոսպիտալի բժիշկները 27-ամյա տղամարդու ուղեղում ահռելի արախնոիդային կիստա են հայտնաբերել, որը ճզմել է գլխուղեղի աջ կիսագունդը: Տղամարդու հիվանդության պատմության մասին հայտնում է The New England Journal of Medicine պարբերականը:

Արախնոիդային կիստան բարորակ ուղեղային ուռուցք է, որը ձեւավորվում է սարդոստայնային թաղանթի բջիջներից եւ լցվում է գանգուղեղային հեղուկով: Որպես կանոն, այն բնածին գոյացություն է, չի աճում եւ ախտանիշներ չունի, եթե մեծ չափերի չի հասնում: Հիվանդը, սակայն, հաճախ գլխացավեր, նաեւ նոպաներ էր ունենում, որից հետո նա բժիշկներին է դիմել:

ՄՌՏ արդյունքները ցույց են տվել, որ ուռուցքի չափերը կազմում են 2,3x16,5x7,9 սմ: Ուռուցքի աճը քունքի հատվածի տեղաշարժ է առաջացրել, նաեւ գլխուղեղի միջակա կառույցների: Մասնագետների խոսքով՝ այսպիսի արախնոիդային կիստաները շատ հազվագյուտ են:

Բժիշկները բացել են հիվանդի գանգը, նաեւ ուռուցքը եւ դրա միջից դուրս են բերել հեղուկը: Սակայն վիրաբուժական միջամտությունից հետո պարզվել է, որ կիստայի չափերը չեն փոխվել: Տղամարդը շարունակում է գլխացավեր ունենալ: Նրան հակաջղաձգային բուժում է նշանակվել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում