Հունիսի 23-ին Երեւանում կբացվի արտասովոր ցուցահանդես, որտեղ կցուցադրվեն 90 տարբեր վիրահատությունների լուսանկարներ, այդ թվում` կրծքի վերականգնման, սրտի եւ ուղեղի բաց վիրահատություններ:
Ցուցահանդեսի հեղինակ, լուսանկարիչ եւ ռեժիսոր Էրիկա Բադալյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ վիրահատարաններում լուսանկարելու եւ «Փակ արհեստանոց» ցուցահանդես կազմակերպելու գաղափարն առաջացել է, երբ 7 տարի առաջ իր հետ տեղի ունեցած դժբախտ պատահարից հետո ավելի քան 2 տարի հիվանդանոցում է անցկացրել: 4 տարի նա ցուցահանդեսի համար նյութ է հավաքել եւ լուսանկարել:
Հեղինակի խոսքով` այս ընթացքում իր վրա ամենամեծ տպավորությունը գործել է սրտի բաց վիրահատությունը, մինչ այդ նա չի պատկերացրել, թե նման վիրահատություններն ինչպես են անցկացվում: Նրան նաեւ տպավորել է ուռուցքի հետեւանքով կրծքի վերակառուցման վիրահատությունը` հիվանդի մեջքից վերցրած հյուսվածքների օգտագործմամբ:
«Փակ արհեստանոց» անվանումը պատահաբար չի ընտրվել. հեղինակի պարզաբանմամբ` սովորական մարդկանց համար վիրահատարանն իսկապես «փակ արհեստանոց» է, նրանք պատկերացում չունեն, թե փակ դռների ետեւում ինչ է կատարվում:
«Իմ նպատակն է լուսանկարների միջոցով մարդկանց ուշադրությունը գրավել այս ոլորտին: Ես ցանկանում եմ, որ նրանք դադարեն վախենալ վիրահատարանում տեղի ունեցողից, որ իմանան, թե այնտեղ հատկապես ինչ է տեղի ունենում, մինչ իրենք քնած են, ինչպես է ապահովվում ստերիլությունը, ինչ հմտությունների են տիրապետում վիրաբույժները»,- ասաց հեղինակը:
Ցուցահանդեսը կազմակերպվել է Հայաստանում Շվեյցարիայի դեսպանատան աջակցությամբ: Շվեյցարիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Լուկաս Գասերը լրագրողների հետ զրույցում նշեց, որ ցուցահանդեսի գաղափարը իրեն շատ է հետաքրքրել, քանի որ այն զգալիորեն տարբերվում է ստանդարտ մշակութային ծրագրերից, որոնց բոլորը վարժվել են: Դեսպանին նաեւ տպավորել է Էրիկա Բադալյանի պատմությունը:
Ցուցահանդսը կբացվի հունիսի 23-ին, ժամը 19:00-ին` Բուզանդի 3 հասցեում եւ կտեւի մինչեւ հունիսի 26-ը:
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում