Ամենօրյա ո՞ր գործողություններն են ողնաշարի համար վտանգավոր

31 հուլիսի, 2017  10:51

Ամենօրյա որոշ գործողություններ, որոնց մասին մենք երբեք չենք էլ մտածում, կարող են ողնաշարին լուրջ վնաս պատճառել, նախազգուշացնում են, ԱՄՆ Իլինոյս նահանգի համալսարանի գիտնականները:

Գիտնականների խոսքով՝ նույնիսկ առաջին հայացքից այնպիսի անմեղ գործողությունը, ինչպիսին ատամները մաքրելն է, կարող է ողնաշարի համար վնասակար լինել: Բանն այն է, որ այն դիրքում, որով մարդիկ սովորաբար ատամները մաքրում են, մարդու ողնաշարի վրա ճնշումը շատ ավելի զգալի է լինում, քան երկարատեւ զբոսանքի ժամանակ: Այս պատճառով տնային այն գործերը, որոնց կատարումը ստիպում է կանգնել կամ առաջ թեքվել, բացասաբար են ազդում մեջքի առողջության վրա:

Գիտնականների պնդմամբ՝ ողնաշարի համար պոտենցիալ վտանգ է ներկայացնում մեկ այլ զբաղմունք եւս՝ սպասք լվանալը: Սպասքը լվանալիս մարդու պարանոցը եւ մեջքը կիսաթեքված են, ձեռքերը լարված են՝ նման հանգամանքների առկայությամբ կրծքավանդակի հատվածի միջողնային սկավառակների միջեւ միացնող հյուսվածքները միմյանց են քսվում:

Գիտնականները նաեւ հայտարարել են, որ միջողնային սկավառակներին վնասում են բոլոր գործողությունները, որոնք կռացած վիճակում են կատարվում՝ քուղերը կապելը, հատակից ծանրություններ բարձրացնելը (երեխաներին, պայուսակները եւ այլն), ավտոմեքենայի անիվները փոխելը:

Ողնաշարն ինչպե՞ս պաշտպանել այս բոլոր գործողությունները կատարելիս: Գիտնականների խոսքով՝ անհրաժեշտ է հնարավորինս թեթեւացնել այս գործողությունների կատարման ժամանակ մեջքում առաջացող  լարվածությունը: Մասնավորապես կոշիկների քուղերը կապել նստած՝ ոտքն իրեն ձգելով, իսկ ինչ-որ ծանր բան բարձրացնելիս ոտքերը ծալել ծնկների հատվածում:

Ինչ վերաբերում է ատամները մաքրելուն, խորհուրդ է տրվում ազատ ձեռքով հենվել պահարանին կամ հայելուն՝ ցանկացած ամուր հենարանի: Իսկ սպասք լվանալիս կարելի է ծնկի տակ աթոռ դնել, սա կօգնի նվազեցնել ողնաշարի վրա գործադրվող ճնշումը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում