Տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի նվազման 5 պատճառ

4 օգոստոսի, 2017  19:00

Տեստոստորենը սեռական հորմոն է, որը պատասխանատու է լիբիդոյի համար եւ մի շարք կարեւոր գործառույթներ է կատարում օրգանիզմում: Տեստոստերոնի մակարդակը կարող է զգալիորեն ազդել տղամարդու տրամադրության եւ պահվածքի վրա. այդ հորմոնի բավականաչափ քանակությունը տղամարդուն ավելի ակտիվ եւ նախաձեռնող է դարձնում, իսկ դրա պակասը նվազեցնում է տոնուսն ու դիմացկունությունը, բացասաբար ազդում տղամարդու սեռական առողջության վրա:

Սեքսոպաթոլոգ Սեւադա Հակոբյանը պատմել է տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի նվազման մի քանի պատճառների մասին:

Ավելորդ քաշ

Ավելորդ քաշն ու ճարպակալումը, որպես կանոն, բացասաբար են ազդում տեստոստերոնի մակարդակի եւ առողջության վրա ընդհանրապես: Եթե տղամարդն ավելորդ ճարպային հյուսվածքներ ունի, տեստոստերոնի հիմնական մասը կդադարի ակտիվ լինել, իսկ կանացի հորմոն էստրոգենի մակարդակը կբարձրանա: Ավելորդ քաշն ու ճարպակալումը վտանգավոր են հատկապես դեռահասության տարիքում, քանի որ դրանք կարող են ազդել դեռահասի հետագա զարգացման վրա:

Մկանային զանգվածի աճի համար «սպորտային» սննդակարգ

Սննդային հավելումները, որոնք որոշ մարզիկներ ընդունում՝ մկանային զանգվածի աճի համար, կարող են արջի ծառայություն մատուցել: Որոշ անբարեխիղճ արտադրողներ իրենց արտադրանքին տեստոստերոն են ավելացնում՝ այդ մասին չնշելով բաղադրությունում: Տեստոստերոն պարունակող մթերքներն իսկապես կարող են հանգեցնել մկանների աճին, բարձրացնել տոնուսը, օրգանիզմին էներգիա տալ. տղամարդն անմիջապես կզգա արդյունքն ու ավելի հաճույքով կգնի նման մթերքները:

Բայց խնդիրն այն է, որ առանց անհրաժեշտության օրգանիզմին տեստոստերոն մատակարարելով, հատկապես՝ երիտասարդ տարիքում, օրգանիզմը կսկսի ավելի քիչ արտադրել այդ հորմոնը: Արդյունքում հորմոնների ամբողջ համակարգը կխախտվի, եւ ապագայում տղամարդու մոտ կարող են լուրջ խնդիրներ առաջանալ:

Սխալ սննդակարգ

Անառողջ սնունդը նույնպես կարող է ազդել տղամարդու հորմոնների մակարդակի վրա: Նախ՝ սխալ սննդակարգը կարող է հանգեցնել ավելորդ քաշի, ինչը բացասաբար է անդրադառնում տղամարդու հորմոններ վրա: Երկրորդ՝ կարծիք կա, որ մեծ քանակությամբ կոնսերվանտներով սննդակարգը կարող է անմիջականորեն ազդել տեստոստերոնի մակարդակի վրա եւ նպաստել դրա նվազմանը:

Այլ հորմոններ

Որոշ հորմոններ, օրինակ՝ պրոլակտինը, ազդում են տղամարդկանց մոտ տեստոստերոնի մակարդակի վրա: Այսպես, եթե պրոլակտինի մակարդակը բարձր է, տեստոստերոնի մակարդակը, ամենայն հավանականությամբ, պակաս կլինի: Այդ դեպքում հարկավոր է լրացուցիչի հետազոտություններ կատարել՝ պրոլակտինի մակարդակի բարձրացման պատճառը պարզելու համար: Այդ խնդրի պատճառ կարող է լինել, օրինակ, հիպոֆիզի ադենոման:

Տարիք

40 տարեկանից հետո տղամարդու օրգանիզմում անդրոգենների մակարդակն աստիճանաբար նվազում է: Բայց եթե դա շատ արագ է տեղի ունենում, խորհուրդ է տրվում հետազոտվել՝ պարզելու համար, թե ինչն է իրականում հանգեցնում հորմոնի մակարդակի նվազման:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում