ԱՄՆ-ում 5 մարդ մահացել է ստամոքսի փոքրացման վիրահատությունից հետո

14 օգոստոսի, 2017  20:58

Վերջին մի քանի օրերի ընթացքում 5 մարդ մահացել է ստամոքսի ծավալի փոքրացման վիրահատությունից հետո, որին հավանություն է տվել ԱՄՆ Սննդամթերքի որակի եւ դեղամիջոցների սանիտարական հսկողության վարչությունը (FDA): Հիվանդների ստամոքսի մեջ են տեղադրել սիլիկոնե գնդեր՝ ստամոքսի ծավալը փոքրացնելու համար:

Ինչպես հայտնում է FDA-ի կայքը, վիրահատությունը կես ժամից ավելի չի տեւում, որի ընթացքում նարկոզի տակ գտնվող հիվանդի բերանից ստամոքս է մտցվում 1-2 սիլիկոնե գունդ, որոնք հետո հեղուկով են լցվում: Թուրինջի չափ ունեցող լցված գունդը ստամոքսի մեջ է մնում մինչեւ կես տարի, իսկ այս ընթացքում հիվանդը դիետայի է հետեւում եւ սպորտով զբաղվում:

2016 թվականից վիրահատությունից հետո 5 մարդ է մահացել, ընդամենը 11 տարում 277 հազար հիվանդից 21-ը մահացել է: Գնդերն արտադրողները պնդում են, որ սա թույլատրելի թերություն է: Նրանք նշում են, որ բժիշկներից բողոքներ չեն ստացել: Դրանից բացի, ուղղակի ապացույցներ չկան, որ մարդիկ վիրահատությունների հետեւանքով են մահացել:

Փետրվարին FDA-ն բուժաշխատողներին հղված ուղերձ էր հրապարակել՝ նախազգուշացնելով միջամտության պոտենցիալ վտանգի մասին: Հնարավոր բարդություններից մեկը բալոնի ավելորդ փչումն է: Այն ուղեկցվում է սրտխառնոցով, շնչառության դժվարությամբ, փորացավով: Գոյություն ունի նաեւ պանկրեատիտի (ենթաստամոքսային գեղձի բորբոքման) առաջացման վտանգ: Բարդությունները սովորաբար զարգանում են միջամտությունից հետո առաջին օրերին, եւ այդ դեպքում կարող է բալոնը հանելու կարիք առաջանալ:

Վերջին 5 հիվանդների մահվան պատճառները դեռեւս քննվում են: Հարկ է պարզել՝ նրանք իսկապե՞ս վիրահատության հետեւանքով են մահացել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում