Ինչպե՞ս կարող է տղամարդը 45 տարեկանից հետո պահպանել երիտասարդությունն ու սեռական առողջությունը

25 օգոստոսի, 2017  22:35

35 տարեկանից հետո տղամարդկանց մոտ աստիճանաբար կրճատվում է արական սեռական հորմոնների արտադրությունը, որոնք պատասխանատու են լիբիդոյի, ակտիվ նյութափոխանակության եւ օրգանիզմում տեղի ունեցող մի շարք այլ կարեւոր գործընթացների համար: Ինչպե՞ս կարող է տղամարդը պահպանել երիտասարդությունն ու սեռական առողջությունը: Մի քանի խորհուրդ են ներկայացնում ուրոլոգ Գեւորգ Գրիգորյանն ու սեքսոլոգ Արա Չարչյանը:

Առողջ ապրելակերպ

Առողջ ապրելակերպը տղամարդուն օգնում է պահպանել հորմոնալ համակարգը, մինչդեռ վնասակար սովորույթները, հակառակը, արագացնում է ծերացման գործընթացն ու բացասական ազդում լիբիդոյի վրա: Եթե ուզում եք ուժեղ եւ առնական մնալ 45 տարեկանից հետո, պետք է շատ շարժվեք, վերահսկեք քաշը (ավելորդ քաշն ու ճարպակալումը տեստոստերոնի թշնամին են), չծխել, ալկոհոլը չափավոր քանակությամբ օգտագործել:

Կանոնավոր սեռական կյանք

Արա Չարչյանի խոսքով՝ կանոնավոր սեռական կյանքը լուրջ նշանակություն ունի տղամարդու սեռական առողջության համար: Եթե տղամարդը կանոնավոր, թեկուզ ոչ հաճախ, սեքսով է զբաղվում, ավելի մեծ հնարավորություններ ունի մինչեւ ծերություն պահպանել սեռական գործառույթները:

Սթրես

Ցանկացած սթրես՝ ինչպես բացասական, այնպես էլ դրական, բացասաբար է ազդում տղամարդու առողջության վրա, այդ պատճառով ցանկալի է խուսափել սթրեսերից: Քանի որ դա դժվար է, նույնիսկ՝ անհնար, ցանկալի է սթրեսը կառավարելու միջոց գտնել: Այդ հարցում կարող է օգնել սպորտը, որը նվազեցնում է սթրեսի մակարդակը:

Հորմոններ

Որոշ տղամարդիկ 50 տարեկանից հետո կարող են հորմոններին փոխարինող թերապիա նշանակել, որը կօգնի նորմալ վիճակում պահել լիբիդոն, ինքնազգացողությունը եւ առողջական վիճակն ընդհանրապես: Սակայն նման թերապիա կարելի է անցկացնել միայն փորձառու բժշկի հսկողության ներքո եւ միայն մասնագետի նշանակմամբ:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում