Բարսելոնայի Պումպեու Ֆաբրիի անվան համալսարանի գիտնականները հայտնաբերել են, որ ուղեղի եւ մկանային կենսառիթմերի սինքրոնացումը կարող է կանխել մկների ֆիզիկական ծերացումը եւ ծերունական տկարությունը։ Աշխատանքի արդյունքները հրապարակվել են Science ամսագրում։
Հետազոտողները բացատրել են, որ կենդանիների եւ մարդու մոտ օրգանիզմի առողջության եւ նորմալ ֆիզիոլոգիական գործառնության պահպանման համար վճռական նշանակություն ունի այսպես կոչված մոլեկուլյար ժամացույցի ցանցը։ Դրա կարեւոր բաղադրիչներն են ուղեղը եւ մկանները։
Կարծիք կա, որ մոլեկուլյար ժամացույցի ցանցը, որն անդրադառնում է օրգանիզմի բոլոր բջիջների վրա, համակարգվում է ուղեղի սուպրախիազմատիկ միջուկով։ Այդ հատվածն ամեն օր ստանում եւ մշակում է շրջակա միջավայրի լուսային ազդանշանները եւ սինքրոնացնում անկախ ցիրկադային ռիթմերը՝ կարգավորելով մարմնական եւ մտավոր լարվածությունը եւ թուլացումը։
Լաբորատոր մկների վրա կատարված փորձերը ցույց են տվել, որ մկանային եւ ուղեղային կենսառիթմերի սինքրոնացումը կարգավորվում է Bmal1 հատուկ գենով։ Գենոմում դրա բացակայության դեպքում կրծողները ցուցադրել են վաղաժամ ծերացման եւ մկանների հյուծման հակում։
Ստուգելու համար, թե կարելի է արդյոք կանխել նման պաթոլոգիայի բացասական հետեւանքները, գիտնականներն արհեստականորեն ուժեղացրել են Bmal1-ի արտազատումը կրծողների գլխուղեղում եւ կմախքի մկանների հյուսվածքներում (համալիր եւ առանձին)։ Արդյունքները ցույց են տվել, որ Bmal1-ի էքսպրեսիայի միաժամանակյա բարձրացումը ուղեղի եւ մկանների հյուսվածքներում նպաստել է օրգանիզմի պատշաճ գործունեության վերականգնմանը եւ դանդաղեցրել ծերացումը։
Հետազոտողները նաեւ նշել են, որ ուղեղային եւ մկանային կենսառիթմերի սինքրոնացման կարելի է հասնել նաեւ առանց գենային թերապիայի։ Գիտնականների խոսքով՝ վաղաժամ ծերացումը եւ ծերունական տկարությունը կարելի է կանխել, եթե սահմանափակվի սննդի սպառումն օրվա մութ ժամերին։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում
ամիս
շաբաթ
օր