Դեղորայքակայուն մանրէներ եւ խոհանոցային տախտակներ

15 ապրիլի, 2014  14:36

Նոր հետազոտությունը ցույց է տալիս, որ խոհանոցային տախտակները կարող են վարակված լինել դեղորայքակայուն մանրէներով:

Շվեյցարացի գիտնականները հետազոտել են Բազելի համալսարանական հիվանդանոցի 154 մասնատման տախտակներ եւ 144 տախտակներ մասնավոր տներում այն բանից հետո, երբ դրանք օգտագործվել են թռչնամսի, խոզի եւ տավարի մսի, ոչխարի մսի, որսամսի կամ ձկան մասնատման համար, հաղորդում է WebMD-ն:

Հետազոտությունները ցույց են տվել, որ թռչնամսի մասնատման համար հիվանդանոցային մասնատման տախտակների 6,5%-ը եւ տնային խոհանոցային տախտակների 3,5%-ը վարակված են եղել աղիքային ցուպիկի դեղորայքակայուն բակտերիաներով: Մսի եւ ձկան մասնահատման համար նախատեսված մյուս տախտակները դեղորայքակայուն մանրէներով վարակված չեն եղել:

Փորձագետները նաեւ հետազոտել են թռչնամսի մասնատումից հետո հիվանդանոցի խոհանոցից վերցված ձեռնոցների 20 զույգ եւ հայտնաբերել են, որ ձեռնոցների 50%-ը վարակված է եղել դեղորայքակայուն աղիքային ցուպիկով:

Հետազոտության արդյունքները հրապարակված են Infection Control and Hospital Epidemiology ամսագրի մայիսյան համարում:

«Դեղորայքակայուն աղիքային ցուպիկների տարածումը կապված է հիվանդանոցային իրավիճակի հետ, սակայն հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ աղիքային ցուպիկները տարածվում են նաեւ մասնավոր տներում»,- ասում է հետազոտության հեղինակ Անդրեաս Ուիլդմերը:

«Մեր հետազոտությունները ցույց են տալիս, որ անհրաժեշտ է պահպանել ձեռքերի հիգիենան ոչ միայն թռչնամսի մասնատումից հետո, այլ նաեւ մասնատման տախտակների հետ շփումից հետո»,- ասում է նա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում