Վիրուսային հեպատիտն աշխարհում ավելի շատ մարդ է սպանում, քան ՄԻԱՎ–ը, մալարիան եւ տուբերկուլյոզը

15 սեպտեմբերի, 2017  21:04

Վիրուսային  հեպատիտն աշխարհում ավելի շատ մարդ է սպանում, քան ՄԻԱՎ–ը, մալարիան կամ տուբերկուլյոզը։ Այս մասին ասված է Global Burden of Disease–ի հետազոտության մեջ։

Միայն 2016 թվականին վիրուսային  հեպատիտը աշխարհում սպանել է 1.34 մլն մարդու։ Դա 140 հազարով ավելի շատ է, քան տուբերկուլյոզը, 340 հազարով ավելի շատ, քան ՄԻԱՎ–ը եւ 621 հազարով ավելի շատ, քան մալարիան։

Հետազոտողների խոսքով՝ ժամանակակից բժշկությունը շատ բանի է հասել հեպատիտ В–ի եւ С–ի բուժման ոլորտում, սակայն այսօրվա դրությամբ վիրուսային հեպատիտը երկրների մեծ մասում անհրաժեշտ ուշադրության չի արժանանում։ Հետազոտության հեղինակները նշում են, որ հիվանդացության բռնկումը հիմնականում կարելի է բացատրել օփիոիդ դեղերի մեծ տարածմամբ։

Վիրուսային հեպատիտը լյարդի բորբոքում եւ դրանից բխող այլ խնդիրներ է առաջացնում։ Առավել հաճախ գրանցվում են հեպատիտ A–ի B–ի եւ C–ի դեպքեր։

Հեպատիտ А–ն վիրուսի առավել մեղմ եւ ամենաքիչ տարածված ձեւն է։ Ամենից հաճախ հանդիպում է հեպատիտ C–ն, սակայն 2014–ին դրա բուժման արդյունավետ միջոցներ են մշակվել։ ԱՀԿ գնահատականներով՝ 2015 թվականին աշխարհում հեպատիտով վարակված էր 257 մլն մարդ։ Բժշկությունը բավականին առաջընթաց է գրանցել նաեւ հեպատիտ B–ի բուժման հարցում։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում