Գիտնականները հիպերինսուլինիզմի բուժման նոր մոտեցում են մշակել

19 սեպտեմբերի, 2017  16:19

Ժնեւի (Շվեյցարիա) համալսարանի գիտնականները մշակել են նոր մոտեցում հիպերինսուլինիզմի եւ ճարպակալման միաժամանակյա բուժման համար: Այս մասին հայտնում է Human Molecular Genetics-ը:

Հիպերինսուլինիզմը հիվանդություն է, որի ժամանակ հիվանդի մոտ նկատվում է ինսուլին հորմոնի չափազանց շատ արտադրություն, նման հիվանդների մոտ հորմոնը սինթեզվում է անգամ այն ժամանակ, երբ նրանք ածխաջրեր չեն օգտագործում: Արդյունքում նման հիվանդների մոտ գլյուկոզայի մակարդակն արյան մեջ մշտապես ցածր է, իսկ ուղեղը չի ստանում էներգիայի անհրաժեշտ քանակություն, որը կարող է հանգեցնել ուղեղային հյուսվածքների լուրջ վնասվածքների եւ անգամ մահվան:

Ժնեւի համալսարանի գիտնականները մանրամասն ուսումնասիրել են հիպերինսուլինիզմի հետ կապված գենետիկ մուտացիան: Խոսքը այն գենի մասին է, որը պատասխանատու է GDH սպիտակուցի արտադրության համար, որն էլ ենթաստամոքսային գեղձին ստիպում է արտադրել ինսուլին: Առողջ մարդու օրգանիզմում արյան մեջ գլյուկոզայի քանակության որոշակի բարձրացման ժամանակ այդ սպիտակուցը փոխում է իր ձեւը, ինչի շնորհիվ այն միավորում է սպտակուցն ակտիվացնող մոլեկուլ-արագացուցիչ: Այդ ժամանակ այն ազդանշան է տալիս ենթաստամոքսային գեղձին ինսուլին արտադրելու համար: Մուտացիայի դեպքում սպիտակուցը մշտապես պատրաստ է լինում միավորվել «արագացուցիչի» հետ՝ անկախ գլյուկոզայի քանակից: Գիտնականները պարզել են, որ մուտացված սպիտակուցը նաեւ հանգեցնում է լյարդում մեծ քանակով ամոնիակի արտադրությանը, որի քանակն արյան մեջ կարող է հասնել վտանգավոր աստիճանի:

Այդ դեպքերում սովորաբար կիրառվող վիրահատության փոխարեն, որի ժամանակ ամբողջովին հեռացվում է ենթաստամոքսային գեղձը, գիտնականները, ստացված գիտելիքների հիման վրա, առաջարկում են պահպանողական միջոց՝ GDH սպիտակուցի արգելակում: Այս մեթոդը հնարավորություն կտա պայքարել ոչ միայն ինսուլինի արտադրության ավելցուկի դեմ, այլեւ ավելորդ քաշի եւ  ճարպակալման։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում