Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, լրագրողների հետ հանդիպմանը Մկրտչյանը նշեց, որ կան դպրոցներ, որոնց ճաշարանները չունեն սառնարաններ, գազօջախներ եւ չեն կարողանում վերահսկել տաք սննդի որակը:
«Պարենի համաշխարհային կազմակերպության մեր գործընկերների հետ ներկայումս այդ հարցն ենք ուսումնասիրում: Մեր գործընկերներն ասում են՝ ավելի լավ է երեխային շաքարով բուլկի չտալ, քան տալ նման սնունդ: Ինչ վերաբերում է Գորիսի դեպքին, չճշտված նախնական տվյալներով, սնունդ առաքողը դիզենտերիայով հիվանդ է եղել»,- ասաց Լեւոն Մկրտչյանը:
Նախարարի խոսքով, Վորլդ Վիժնը նույնպես ուսումնասիրություններ է կատարել եւ պարզել, որ ավագ դպրոցում սովորողներից շատերի մոտ աղիքային խնդիրներ կան, քանի որ տարրական դասարաններում տաք սնունդ չեն ստացել:
Նշենք, որ Գորիսի թիվ 3 դպրոցի 1-4-րդ դասարանների աշակերտների շրջանում սեպտեմբերի 14-ից արձանագրված բռնկման արդյունքում Գորիսի բժշկական կենտրոն էր դիմել միջին ծանրության 27 հիվանդ՝ աղիքային վարակ նախնական ախտորոշմամբ։ Հիվանդներն ունեցել են միանման գանգատներ՝ լուծ, այդ թվում՝ արյունային, բարձր ջերմություն, սրտխառնոց, փսխում: Եւս 11 երեխա ստանում են ամբուլատոր բուժում։
Ինչպես հայտնել է ՀՀ առողջապահության նախարարությունը, լաբորատոր հետազոտությամբ նմուշներում հայտնաբերվել է շիգելլա զոննե (դիզենտերիա) աղիքային ցուպիկը։
Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում