Հիվանդանոցում հնգամյա աղջիկ է մահացել. պատճառը սուր մենինգոէնցեֆալիտն է

13 նոյեմբերի, 2017  14:12

Երեւանի «Սուրբ Աստվածամայր» բուժկենտրոնում հնգամյա աղջիկ է մահացել սուր մենինգոէնցեֆալիտի ու դրա բարդացումների հետեւանքով։

Բուժկենտրոնի փոխտնօրեն Դավիթ Դալլաքյանը NEWS.am Medicine-ի թղթակցին հայտնել է, որ մի քանի օր առաջ աղջկան շատ բարդ վիճակում Վեդի քաղաքից տեղափոխել են իրենց մոտ։ Ճանապարհին աղջկա մոտ եղել է սրտի աշխատանքի կանգ, ինչի պատճառով շտապ օգնության մեքենան նրան վերադարձրել է Վեդիի հիվանդանոց, որտեղ նրան միացրել են թոքերի արհեստական օդափոխանակության սարքին։ Հետո ռեանիմատոլոգների բրիգադ է Երեւանից Վեդի ժամանել ու աղջկան մայրաքաղաք տեղափոխել։

Մասնագետը բացատրեց, որ աղջիկն ունեցել է բնածին հորմոնալ անբավարարություն, բայց նրա ծանր վիճակի ու հետագա մահվան պատճառը ոչ թե դա է եղել, այլ սուր մենինգոէնցեֆալիտն ու դրա բարդացումները. երբ նրան «Սուրբ Աստվածածին» ԲԿ են հասցրել, նա արյան տարածուն ներանոթային մակարդման համախտանիշ է ունեցել, 3-րդ աստիճանի կոմա եւ միացված է եղել արհեստական օդափոխանակության սարքին։ Երեխային փրկել չի հաջողվել։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում