Ցածրկալորիական սննդակարգը կյանքի տեւողությունը երկարացնում է. հետազոտություն

20 նոյեմբերի, 2017  14:20

Ցածրկալորիական սննդակարգերը կարող են կյանքի տեւողությունը երկարացնել, պնդում են Շոտլանդիայի Աբերդինի համալսարանի գիտնականները: Նրանց հետազոտության համաձայն՝ սնվելու ցածրկալորիական ծրագրերը թույլ են տալիս 18 տոկոսով կրճատել մարմնի ավելորդ զանգվածով մարդկանց վաղաժամ մահվան հավանականությունը:

Այս հետազոտության համահեղինակ Էլիսոն Ավենելը հայտարարել է, որ առավել օգտակար են ճարպի, շաքարի եւ ռաֆինացված ածխաջրերի ցածր պարունակությամբ սննդակարգերը, հայտնում է UPI գործակալությունը:

«Քաշի կորուստը սննդակարգի կալորիականության կրճատման ճանապարհով, որոնք նաեւ քիչ են պարունակում շաքար եւ ռաֆինացված ածխաջրեր, նվազեցնում է ճարպակալմամբ տառապող մարդկանց վաղաժամ մահվան հավանականությունը»,- հայտնել է նա:

Հիմա մասնագետները պարզում են՝ ցածրկալորիական սննդակարգերը կկարողանա՞ն արդյոք նվազեցնել սրտի կամ քաղցկեղի խնդիրների առաջացման հավանականությունը: Դրական դինամիկա չի հայտնաբերվել նաեւ քաշի նվազեցման ծրագրերում ֆիզիկական վարժություններ ընդգրկելու դեպքում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում