Գիտնականներն առաջարկել են քաղցկեղը սերմնաբջիջներով բուժել

16 դեկտեմբերի, 2017  22:17

Փորձագետներին հաջողվել է արական սեռական բջիջների միջոցով, որոնք հագեցած էին հաղորդիչներով եւ դեղով, կանանց վերարտադրողական օրգաններում ընդամենը 3 օրում ոչնչացնել քաղցկեղային բջիջների 87 տոկոսը:

Դրեզդենի Լեյբնիցի անվան պինդ մարմինների եւ նյութերի ֆիզիկայի ինստիտուտի գերմանացի գիտնականներն առաջարկել են սերմնաբջիջներն օգտագործել կանանց վերարտադրողական համակարգի քաղցկեղի բուժման համար: Համապատասխան հետազոտությունը հրապարակվել է ACS Nano ամսագրում, հայտնում է New Scientist-ը:

Գիտնականները փորձ են անցկացրել, որի ժամանակ սերմանաբջիջների օգնությամբ հակաուռուցքային դեղամիջոցը (դոկսոռուբիցին) կետային հասցրել են արգանդի ախտահարված հյուսվածքներին: Գամետներն ամրացել են ուռուցքի պատերին եւ այն հագեցրել հակաբիոտիկով: Արդյունքում 3 օրում ոչնչացվել է չարորակ բջիջների գրեթե 87 տոկոսը:

Զեկույցում նշվում է, որ այսպիսի մեթոդը թույլ է տալիս խուսափել թերապիայի կողմնակի էֆեկտներից, որոնք կապված են առողջ հյուսվածքների վրա դոկսոռուբիցինի ընկնելու հետ:

Մասնագետների առաջարկով՝ այսպիսի սերմնառոբոտները նաեւ կարող են օգտագործվել էնդոմետրիոզի բուժման կամ արտարգանդային հղիության կանխման համար:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում