Ալերգոլոգ. Տարբեր ոգելից խմիչքներ խառնելը կարող է թունավորում եւ ալերգիա առաջացնել

29 դեկտեմբերի, 2017  22:04

Հայկական ավանդական կերակրատեսակների բազմազանությունն ու գայթակղիչ համերը չպետք է տարատեսակ ալերգիաների առաջացման պատճառ դառնան: Չի կարելի տարբեր մթերքները միաժամանակ ուտել կամ ուշ ժամերին ծանրամարս ու սպիտակուցներով հագեցած սնունդ ընդունել, NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ընդգծեց «Աստղիկ» բժշկական կենտրոնի ալերգոլոգ Հասմիկ Գյուրջյանը:

Նրա խոսքով, եթե մարդը սննդային ալերգիա ունի, նշանակում է, որ նրա աղեստամոքսային համակարգը խանգարված է, այնտեղ մանրէների քանակի պակաս կամ ավելցուկ կա, ինչպես նաեւ կարող են տարբեր ինֆեկցիաներ լինել: Ուստի սննդային ալերգիա ունեցողների մոտ դրանք կարող են ցան, մաշկի խիստ հիպերեմիա, քոր եւ նույնիսկ այտուցներ առաջացնել: Ալերգոլոգը խորհուրդ է տալիս հատկապես տոնական օրերի ընթացքում առավել դժվարամարս ու սպիտակուցներով հագեցած սնունդն օրվա առաջին կեսին ընդունել, իսկ երեկոյան ժամերին ուտել թեթեւ ու դյուրամարս մթերքներ:

«Չի կարելի միաժամանակ խառնել աղցանները, մրգերն ու սպիտակուցներով հարուստ սնունդը, քանի որ դրանք կարող են հանգեցնել ալերգիկ ռեակցիաների առաջացման: Նույնը վերաբերում է նաեւ խմիչքներին, քանի որ դրանց տարբեր տեսակների ու մեծ քանակությամբ օգտագործումը կարող է ոչ միայն թունավորման, այլեւ ալերգիայի պատճառ դառնալ»,- ընդգծեց ալերգոլոգը:

Հասմիկ Գյուրջյանն անդրադարձավ նաեւ մանկական դիաթեզին, որի առաջացման հիմնական գործոնը, ըստ նրա, ժառանգականությունն է: Ռիսկի խմբում են հայտնվում այն երեխաները, որոնց ծնողները նույնպես նման խնդիր ունեցել են:

Ալերգոլոգը նշում է, որ կան ալերգիաների տեսակներ, որոնք ժամանակի ընթացքում անցնում են, սակայն որոշ ալերգիաներ ուղեկցում են մարդուն ամբողջ կյանքի ընթացքում: Մասնագետի խոսքով՝ ալերգիաների որոշ տեսակներ հնարավոր է բուժել պատվաստման միջոցով: Հատուկ փորձի՝ ալերգիկ ցանի միջոցով որոշվում են խիստ դրական ալերգեններն ու դրանց դեմ մի քանի տարի պատվաստում են իրականացնում: Ալերգիաների բուժման դեպքեր եղել են, երբ պատվաստման արդյունքում ալերգիան դադարել է դրսեւորվել, բայց դա էլ խիստ անհատական է, նշում է մասնագետն ու հավելում, որ ոչ բոլոր օրգանիզմների վրա է այն նման ազդեցություն ունենում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում