Գերմանիայում կապույտ հազի բռնկում են գրանցել

23 հունվարի, 2018  11:57

Գերմանիայում գրանցել են կապույտ հազի՝ վտանգավոր ինֆեկցիոն հիվանդության բռնկում: Ինչպես նշում են Բավարիայի առողջապահության եւ սննդամթերքի անվտանգության նախարարությունից (BOHFS), 2017 թվականին Գերմանիայի հյուսիսարեւմտյան եւ հարավային հողերում, մասնավորապես Բավարիայում կապույտ հազով հիվանդացության թվի աճի հետ գրանցվում է այս ինֆեկցիայով հիվանդացության աշնանային-ձմեռային վերելք:

Մասնագետները հիվանդացության աճը կապում են Բավարիայի բնակիչների՝ հիվանդության դեմ պատվաստվելուց հրաժարվելու հետ: Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ Բավարիայի առողջապահության նախարարությունը շրջանի բնակչությանը համառորեն խորհուրդ է տալիս պատվաստումից չհրաժարվել, հատկապես այն ընտանիքներում, որտեղ երեխայի ծնունդի են սպասում, որի համար կապույտ հազն առանձնապես վտանգավոր է:

Երկրում կապույտ հազի վերաբերյալ հետագա անբարենպաստ կանխատեսումը հիմնված է վիճակագրական տվյալների վրա, որոնց համաձայն՝ 2013-ից 2017 թվականների ժամանակահատվածում հիվանդացության 29 տոկոս աճ է գրանցվել (համապատասխանաբար՝ 2628 եւ 3409 դեպք):

Հիշեցնենք, որ կապույտ հազը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, որը հատուկ է մանկական տարիքային խմբերին: Այն արտահայտվում է երկարատեւ սպազմատիկ հազով, շնչառական, սիրտ-անոթային եւ նյարդային համակարգերի ախտահարմամբ: Հիվանդությունը փոխանցվում է օդակաթիլային ճանապարհով, վարակվելու աղբյուր են համարվում հիվանդ երեխաները եւ մեծահասակները:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում