Շաքարը կործանարար է անդրադառնում անոթների վրա. հետազոտություն

23 հունվարի, 2018  22:12

Մի քանի գազավորված ըմպելիքների կամ շաքար պարունակող այլ աղանդերների ամենօրյա օգտագործումը կործանարար է ազդում արյունատար անոթների վրա եւ ներքին օրգանների աշխատանքի խանգարում առաջացնում, փոխանցում է The Copenhagen Post-ը՝ վկայակոչելով Կոպենհագենի համալսարանի բժիշկներին:

Հետազոտությանը մասնակցել են տղամարդիկ, որոնք 2 շաբաթ ամեն օր 225-ական գրամ շաքար են օգտագործել: Բժիշկները փորձի սկզբում եւ վերջում չափել են կամավորների ոտքերին արյան մատակարարման մակարդակը:

Արդյունքները ցույց են տվել, որ վերջույթներին արյան մատակարարումը 17 տոկոսով նվազել է: Ըստ որում՝ դիետոլոգները վստահ են, որ արյան անբավարար մատակարարման պատճառով տուժում են նաեւ կարեւոր ներքին օրգանները, ինչպիսին են ուղեղը եւ սիրտը:

«Մենք պարզել ենք, որ սննդակարգում քաղցրի մեծ պարունակությունը չափազանց բացասաբար է ազդում արյունատար անոթների վրա: Ըստ որում՝ մենք չափել ենք վերջույթներին արյան մատակարարումը, բայց չէ՞ որ կան նաեւ կենսականորեն կարեւոր սրտի եւ ուղեղի արյունատար անոթները: Եթե շաքարը նույն չափով անդրադառնում է նաեւ դրանց աշխատանքի վրա, ապա դա առանձնապես տագնապահարույց է»,- հայտարարել է հետազոտության հեղինակ, պրոֆեսոր Լասսե Գլիմանը:

Բժիշկներն ընդգծում են, որ չափազանց կարեւոր է հետեւել, թե մարդն ինչ է ուտում եւ խմում: «Ժամանակ առ ժամանակ կոլայի կես լիտրը ձեզ ոչ մի վնաս չի պատճառի, եթե առողջ սնունդ եք օգտագործում եւ հավասարակշռված սննդակարգի հետեւում»,- ասում է հետազոտության համահեղինակ Յուլվա Հելսթենը:

«Մինչդեռ, եթե շաքարը չարաշահեք, ինչպես մեր փորձարկվողները, 14 օրում ձեր արյան շրջանառությունը կհամապատասխանի նրան, ինչը մենք նկատում ենք 65 տարեկանից մեծ որոշ տղամարդկանց մոտ»,- ընդգծել է պրոֆեսորը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում