Ծերացող իմունային համակարգը՝ քաղցկեղի պատճա՞ռ

7 փետրվարի, 2018  13:01

Քացկեղի պատճառ կարող է լինել ծերացող իմունային համակարգը, պարզել են Դանդի համալսարանի (Շոտլանդիա) գիտնականները: Հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Proceedings of the National Academy of Sciences գիտական ամսագրում, կօգնեն ուռուցքային հիվանդությունների կանխարգելման եւ բուժման նոր մեթոդներ մշակել:

Ինչպես հայտնի է, չարորակ ուռուցքների զարգացման հավանականությունը տարիքին զուգահեռ կտրուկ մեծանում է՝ սա բացատրվում է նրանով, որ ժամանակի ընթացքում ԴՆԹ-ում թերություններ են կուտակվում, որոնք կարող են բերել բջիջների վերասերման: Համարվում է, որ քաղցկեղի զարգացման համար անհրաժեշտ է 5 կամ 6 մուտացիա

Հետազոտողները 18-ից մինչեւ 70 տարեկան մարդկանց շրջանում քաղցկեղով հիվանդանալու 2 մլն դեպք են վերլուծել: Այնուհետեւ նրանք հավասարում են ստացել, որը թույլ է տվել հաշվարկել, թե ինչպես է իմունային համակարգի ակտիվության նվազումն ազդում ուռուցքների առաջացման հնարավորության վրա, եւ տեսական եզրահանգումները համեմատել են փաստացի տվյալների հետ, որոնք ներառել են չարորակ նորագոյացությունների 100 տեսակ: Պարզվել է, որ նոր մոդելն ավելի լավ է կանխատեսում քաղցկեղի հավանականությունը, քան մուտացիաների կուտակման վարկածը:

Իմունային համակարգի ծերացման հիմնական պատճառը թիմուսի (ուրցագեղձ) դիսֆունկցիան է՝ օրգան, որում տեղի է ունենում T բջջի հասունացումը:  Յուրաքանչյուր 16 տարին մեկ մարդու թիմուսի չափը փոքրանում է, ինչը բերում է լիմֆոցիտների արտադրման անկման, որոնք տարբերակում են քաղցկեղային բջիջները եւ դրանք ոչնչացնում:

Գիտնականների կարծիքով՝ ուրցագեղձի ակտիվության խթանումը կարող է դառնալ քաղցկեղի կանխարգելման արդյունավետ մեթոդ: Սակայն չպետք է մոռանալ նաեւ կենսակերպի մասին, որը նույնպես կարող է կարեւոր դեր խաղալ. քաղցկեղի կանխարգելման համար խորհուրդ է տրվում ճիշտ սնվել, քաշը նորմայի շրջանակներում պահել, կանոնավորապես ֆիզիկական վարժություններով զբաղվել եւ, իհարկե, չծխել:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում