Նատրիումի պակասը վանգավոր է տարեցների ուղեղի համար

13 փետրվարի, 2018  20:23

Հիպոնատրիեմիան (նատրիումի դեֆիցիտ) կապված է կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման եւ կոգնիտիվ խանգարումների հետ, եւ հատկապես վտանգավոր է տարեցների համար: Այս մասին հայտնում են Կոլորադոյի համալսարանի գիտնականները:

Հիպոնատրիեմիան արյան մեջ նատրիումի մակարդակի անկումն է լիտրին 135 միլիմոլից ցածր: Գիտնականնեը վերլուծել են 65 տարեկան եւ մեծ տարիքի 5435 տղամարդկանց տվյաները: Մասնակիցներին հետեւել են միջինը 4,6 տարի:

Մասնագետները կամավորների արյան շիճուկում չափել են նատրիումի մակարդակը: Ընդհանուր առմամբ 100 մասնակցի մոտ առկա էր հիպոնատրիեմիա: Հետազոտողները պարզել են, որ արյան շիճուկում լիտրին նատրիումի 126-ից մինչեւ 140 միլիմոլ մակարդակով տղամարդիկ հետազոտության սկզբում կոգնիտիվ խանգարումներ ունեին 30 տոկոսով ավելի հաճախ, քան լիտրին նատրիումի 141-ից 142 միլիմոլ մակարդակով մասնակիցները: Դրանից բացի, նրանց մոտ կոգնիտիվ ֆունկցիաները ժամանակի ընթացքում 37 տոկոսով ավելի հաճախ են վատթարացել:

Նախորդ հետազոտությունները ցույց են տվել, որ թեթեւ հիպոնատրիեմիան մեծացնում է սրտի, անոթների, ուշադրության հետ կապված խնդիրների, քայլվածքի խանգարումների առաջացման, ընկնելու եւ վաղաժամ մահվան հավանականությունը:

Նշենք, որ գիտնականները նաեւ կապ են հայտնաբերել արյան շիճուկում նատրիումի բարձր պարունակության (լիտրին 143-153 միլիմոլ) եւ կոգնիտիվ ֆունկցիաների վատթարացման միջեւ, հետեւաբար լավագույնն այն է, որ արյան մեջ նատրիումի պարունակության մակարդակը նորմայի սահմաններում մնա, երբ կոգնիտիվ խանգարումների հավանականությունը ցածր կլինի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում