Ամերիկացի վիրաբույժները բաժանել են ընդհանուր լյարդով եւ սրտի մի հատվածով սիամական երկվորյակներին

14 փետրվարի, 2018  19:24

7 ժամ տեւած վիրահատության ընթացքում ամերիկացի բժիշկները հաջողությամբ բաժանել են սիամական երկվորյակներին, որոնց լյարդը, ստոծանին եւ սրտի մի մասն ընդհանուր էին:

Աննա Գրեյսը եւ Հոուֆ Էլիզաբեթ Ռիչարդսները ծնվել են 2016 թվականի դեկտեմբերի 29-ին կեսարյան հատմամբ: Իրենց կյանքի առաջին տարին նրանք անցկացրել են նորածնային ինտենսիվ թերապիայի բաժանմունքում, իսկ բժիշկները նրանց բաժանելու ճանապարհ էին փնտրում, որպեսզի երկու աղջիկներն էլ ողջ մնան:

Վերջերս՝ հունվարի 13-ին, երկարատեւ նախապատրաստական աշխատանքներից հետո վիրահատությունը վերջապես իրականացվել է Թեխասի մանկական հիվանդանոցում (Հյուսթոն, ԱՄՆ): 75 մասնագետներից բաղկացած թիմին հեշտ չէր բաժանել աղջիկների լյարդը, ստոծանին եւ սիրտը՝ օրգաններից յուրաքանչյուրն առանձին արյան մատակարարմամբ ապահովելով:

Վիրահատությունից հետո մեկ ամիս է անցել, եւ աղջիկներն իրենց լավ են զգում: Ըստ բժիշկների կանխատեսումների՝ մեկ ամիս անց նրանք կարող են տուն վերադառնալ:

«Մենք մտածում եւ աղոթում էինք այս օրվա մասին գրեթե երկու տարի: Սա աննկարագրելի զգացում է, երբ մենք նայում ենք մեր աղջիկներին, որոնք պառկած են առանձին մահճակալների վրա»,- նշել են աղջիկների ծնողները:

Սիամական երկվորյակներ չափազանց հազվադեպ են ծնվում՝ մոտ 1 դեպք 200 հազարից: Սիամական երկվորյակների գրեթե կեսը մահացած է ծնվում, մյուս 35 տոկոսն ընդամենը մի քանի օր է ապրում: Ողջ է մնում նորածինների 5-ից մինչեւ 25 տոկոսը: Սիամական երկվորյակների առանձնացման վիրահատությունները տեխնիկական բարդության պատճառով հազվադեպ են իրականացվում: Հայտնի դեպքերից մեկը քույրեր Զիտա եւ Գիտա Ռեզախանովաներն են: Նրանց բաժանել են 2003 թվականին՝ 12 տարեկանում: Զիտան վիրահատությունից 12 տարի անց մահացել է: Գիտան այժմ 27 տարեկան է:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում