eHealth-ի ներդրման ժամկետները քննարկվում են բոլոր շահագրգիռ կողմերի հետ. փոխնախարար

19 փետրվարի, 2018  16:24

Հայաստանում էլեկտրոնային առողջապահության ներդրման ժամկետներին վերաբերող հարցերն այսօր ակտիվորեն քննարկվում են բոլոր շահագրգիռ կողմերի, այդ թվում՝ դեղատնային ցանցերի ներկայացուցիչների հետ: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց առողջապահության փոխնախարար Սերգեյ Խաչատրյանը:

Նրա խոսքով՝ Առողջապահության նախարարությունը ցանկանում է նոր համակարգը հնարավորինս շուտ ներդնել, քանի որ այն կօգնի մեծ թվով հարցեր կարգավորել, այդ թվում՝ դեղատոմսերով դեղերի բացթողմանը վերաբերող: Ըստ փոխնախարարի՝ առայժմ հնարավոր չէ ասել, թե հատկապես երբ կներդրվի eHealth համակարգը եւ կսկսի գործել, սակայն նախարարությունը ծխրագրում է այն գործարկել մինչեւ տարեվերջ:

Հիշեցնենք, որ փետրվարի 8-ին վարչապետ Կարեն Կարապետյանի հետ հանդիպման ժամանակ դեղագործության ոլորտի ներկայացուցիչները խնդրել էին հետաձգել դեղատների միացումը առողջապահության էլեկտրոնային համակարգին եւ սակագները վերանայել:

Բանն այն է, որ կառավարության 2017 թվականի օգոստոսի 24-ի որոշմամբ առողջապահության էլեկտրոնային համակարգին դեղատների միանալու համար նվազագույն պահանջների կատարման վերջնաժամկետ էր սահմանվել 2018 թվականի մարտի 1-ը: Դեղատների ներկայացուցիչների խոսքով՝ այս որոշումը շատ խնդրահարույց է, քանի որ համակարգի ներդրումը ֆինանսական մեծ ծախսեր է պահանջում՝ հաշվի առնելով համակարգիչների պարամետրերին ներկայացվող պահանջները, դեղատան աշխատակիցների մոտ ID քարտերի առկայությունը եւ դրանք ստուգող սարքերը, օպերատորի ֆիքսված սակագները եւ յուրաքանչյուր դեղատոմսի սակագինը:

Ինչպես հաշվարկել են դեղագործական ընկերությունների ներկայացուցիչները, eHealth  համակարգին մեկ դեղատան միանալու համար միանվագ միջին վճարումը կազմում է 224 հազար դրամ, ամսական դեղատունը պետք է վճարի 45-50 հազար դրամ՝ չհաշված ինտերնետի վճարումը եւ այլ ծախսերը:

«Ալֆա-Ֆարմ», «Նաթալի-Ֆարմ», «Գեդեոն Ռիխտեր», «Ռիթմ Ֆարմ» եւ «Էսկուլապ» ընկերությունները դիմել էին վարչապետին՝ խնդրելով վերանայել այս որոշումը (նվազագույնը 2 տարով հետաձգել), ինչպես նաեւ սակագները, որոնք սահմանել է էլեկտրոնային առողջապահության օպերատորը:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում