Հայաստանին կարմրուկի համաճարակ չի սպառնում. պետպաշտոնյա

22 փետրվարի, 2018  15:52

Վերջին ամիսներին մեծ թվով երկրներում կարմրուկով հիվանդացությունը նկատելիորեն աճել է, իսկ որոշ երկրներում, օրինակ՝ հարեւան Վրաստանում բռնկումներ են գրանցվել, եւ նույնիսկ այս հիվանդության համաճարակներ: Հայաստանին, սակայն, կարմրուկի համաճարակ չի սպառնում, պնդում է ԱՆ բժշկական օգնության քաղաքականության վարչության պետ Դավիթ  Մելիք-Նուբարյանը:

Նրա խոսքով՝ Հայաստանի բնակչության մոտ 97 տոկոսը կարմրուկի դեմ պատվաստվել է, ուստի հավաքական իմունիտետը կկանխի հիվանդության տարածումը, նույնիսկ եթե մի քանի մարդ արտասահմանում վարակվի:

Մասնագետը հիշեցրեց, որ վերջերս Հայաստանում գրանցվել է կարմրուկի մեկ դեպք. 42-ամյա քաղաքացին պատվաստված չէր եւ վարակվել է հիվանդ արտասահմանցու հետ շփվելիս: Սակայն քանի որ նրա շրջապատը պատվաստված էր, հիվանդությունը չի տարածվել:

Հիշեցնենք, որ վերջերս Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտարարել էր, որ 2017 թվականին Եվրոպայում կարմրուկի դեպքերի թիվը 2016 թվականի համեմատությամբ ավելացել են ամբողջ 400 տոկոսով. 2017 թվականին Եվրոպայում կարմրուկով հիվանդացել է 21 315 մարդ, գրանցվել է նաեւ մահվան 35 դեպք:

2017 թվականին կարմրուկի խոշոր բռնկումներ (100 եւ ավելի դեպքեր) գրանցվել են եվրոպական տարածաշրջանի 53 երկրից 15-ում: Անցյալ տարի ամենախոշոր բռնկումները գրանցվել են Ռումինիայում (5562), Իտալիայում (5006) եւ Ուկրաինայում (4767): Բռնկումներ են եղել նաեւ Հունաստանում, Գերմանիայում,  Սերբիայում, Տաջիկստանում, Ֆրանսիայում, Ռուսաստանում, Բելգիայում, Մեծ Բրիտանիայում, Բուլղարիայում, Իսպանիայում, Չեխիայում եւ Շվեյցարիայում:

Վերջին տեղեկություններով Վրաստանում գրանցվել է կարմրուկի 268 դեպք, եւ մեկ երեխա մահացել է հիվանդության բարդությունների հետեւանքով:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում