Պարզվում է՝ հայրերին նման երեխաներն ավելի առողջ են

9 մարտի, 2018  11:52

Իրենց հայրերին նման երեխաները ծնվելուց մեկ տարի հետո ավելի առողջ են լինում, քան մյուսները: Համենայնդեպս, այդպես է, եթե նորածնի ծնողները ամուսնացած չեն եւ առանձին են բնակվում, պնդում են Բինգեմթոնի համալսարանի ամերիկացի մասնագետները:

Մասնագետները համեմատել են նորածին ունեցող 715 ընտանիքների, որոնցում երեխան ապրել է մոր հետ, բայց ժամանակ առ ժամանակ նրան հայրը տեսակցել է: Պարզվել է, որ եթե երեխան արտաքինով հորն էր նման, ապա նրա հետ ամսական միջինը 2,5 օր ավելի է անցկացրել: Մասնագետները հակված են հատկապես սրա հետ կապել դիտարկումը, որ ծնվելուց մեկ տարի հետո հենց այս երեխաներն են հաճախ մյուսներից ավելի առողջ եղել:

Գիտնականները ստացած արդյունքները բացատրում են այն հանգամանքով, որ «փխրուն» ընտանիքներում տղամարդիկ իրենց նման երեխաների նկատմամբ ավելի մեծ համակրանք ունեն այն պատճառով, որ կարող են առավել վստահ լինել իրենց հայրության հարցում: Սա, իր հերթին, ստիպում է նրանց ավելի շատ հոգ տանել երեխայի մասին՝ այս հարցում օգնելով մայրերին:

Մասնագետները համարում են, որ իրենց հետազոտությունը, ի թիվս այլոց, ցույց է տալիս, որ երեխայի կյանքի առաջին տարիներին հայրական խնամքի դերը չպետք է թերագնահատել: Ինչպես հայտարարում են հոգեբանները, սա պետք է հաշվի առնեն սոցիալական աշխատողները, ինչպես նաեւ ծնողների համար այս կամ այն դասընթացներ անցկացնող մասնագետները:

Հետազոտությունը հրապարակվել է Journal of Health Economics գիտական պարբերականում:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում