Անհրաժե՞շտ է արդյոք Հայաստանում հակածխախոտային օրինագծում տուգանքների չափերի վերանայումը

22 մարտի, 2018  15:10

Հասարակական վայրերում ծխելու համար խոշոր տուգանքները պարզապես անհրաժեշտ են, եւ դրանց չափերը վերանայելու հատուկ անհրաժեշտություն չկա, կարծում է առողջապահության կազմակերպիչ, «Երեւան ՄԻԲՍ» ընկերության ղեկավար Արսեն Թորոսյանը:

Նրա խոսքով՝ խոշոր տուգանքների ամբողջ իմաստն այն է, որ օրենքի խախտումները կանխվեն, այսինքն՝ որ մարդիկ հասարակական վայրերում չծխեն եւ մյուս մարդկանց առողջությունը վտանգի չենթարկեն: Իսկ եթե տուգանքները փոքր լինեն (օրինակ՝ 5000-10 000 դրամ) եւ մարդկանց համար վճարելը դժվարություն չներկայացնի, օրենքը հաճախակի կխախտվի՝ ծխողներն իրենց համար «կգնեն» օրենքը խախտելու հնարավորությունն ու իրավունքը:

Արսեն Թորոսյանը շեշտեց, որ ծխելու դեպքում օրենքը «պատահաբար» խախտելու հավանականությունը, այսինքն՝ չթույլատրված վայրում ծխելը գրեթե զրոյական է: Ավելին՝ եթե մարդը չիմանալով, որ կոնկրետ վայրում ծխելն արգելված է, պատահաբար ծխի, բայց ծխախոտն արագ հանգցնի շրջապատողների առաջին իսկ պահանջով, նրան հազիվ թե տուգանեն:

Մասնագետի կարծիքով՝ հասարակական վայրերում ծխելու համար տուգանքները պետք է բարձր լինեն. եթե ոչ ներկայիս օրինագծով առաջարկված 250 հազար դրամ, ապա ոչ էլ 5 հազար դրամ. պետք է այնպիսի տուգանքներ լինեն, որ մարդկանց մեծ մասի համար իսկապես դժվար ու ոչ ձեռնտու լինի դա վճարելը: Միայն այդ դեպքում օրենքը կգործի եւ հասարակական վայրերում կդադարեն ծխել:

Հիշեցնենք, որ Հայաստանի առողջապահության նախարարությունը քննարկման է ներկայացրել «Ծխախոտային արտադրատեսակների բացասական ազդեցության նվազեցման եւ կանխարգելման մասին» օրինագիծը, որի համաձայն առաջարկվում է սահմանել հետեւյալ տուգանքները.

Տրանսպորտի բոլոր տեսակներում (այդ թվում՝ օդային, ջրային, էլեկտրական, երկաթուղային), ինչպես նաեւ ավտոբուսի կանգառներում, կայարաններում եւ օդանավակայաններում (բացի այդ նպատակով հատուկ աձանձնացված վայրերից) ծխելու համար սահմանվում է 100 հազար դրամի տուգանք: Երեք ամսվա ընթացքում նույն գործողությունը երկրորդ անգամ կատարելու դեպքում՝ 200 հազար դրամ: Ուղեւորատար տրանսպորտի վարորդները փոխադրամիջոցում ծխելու համար կտուգանվեն 50 հազար դրամով: Հասարակական վայրերում եւ փակ հաստատություններում ծխելու արգելքի խախտման համար նախատեսվում է տուգանել 250 հազար դրամով: Երեք ամսվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում՝ 500 հազար դրամով: Հաստատությունների ղեկավարները, որոնք տեսանելի վայրում չեն տեղադրի ծխելու արգելման մասին հայտարարությունները, կտուգանվեն 100 հազար դրամով: Փակ հաստատություններում ծխելու արգելքին չհետեւելու համար ղեկավարները կտուգանվեն 500 հազար դրամով: Երեք ամսվա ընթացքում կրկնակի խախտման դեպքում տուգանքը կկրկնապատկվի:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում