Ամերիկացին ուռուցքը գարեջրային փորի տեղ է ընդունել (ֆոտո)

28 մարտի, 2018  20:14
Նյու Ջերսիում բնակվող տղամարդը ենթադրել է, որ իր փորը մեծանում է ավելորդ քաշի եւ գարեջրի նկատմամբ ուժեղ հակում ունենալու պատճառով։ Նույն կարծիքի են եղել նաեւ բժիշկները։ Սակայն, տղամարդը սկսել է ինչ-որ բան կասկածել սրտի հերթական վիրահատությունից հետո, երբ կորցրել է 15 կիլոգրամ, բայց փորը նույն է մնացել։

Սկզբում 63-ամյա ամերիկացին որոշել է, որ վիրաբույժները մարմնի մեջ գործիք են թողել, որը բորբոքման պատճառ է դարձել։ Նա երկու տարի սպասել է, որ ուռուցքը իջնի, ապա համոզել է բժիշկներին հետազոտություն անցկացնել։

Համակարգչային տոմոգրաֆիայի արդյունքները ցնցել են նույնիսկ փորձառու բժիշկներին՝ տղամարդու մոտ հսկայական լիպոսարկոմա է հայտնաբերվել։ Այն զբաղեցրել էր գրեթե ամբողջ որովայնի խոռոչը եւ փոխել ներքին օրգանների դիրքը, հաղորդում է Daily Mail-ը։

12 կիլոգրամ կշռող ուռուցքի հեռացման համար պահանջվել է ավելի քան 6 ժամ։ Մասնագետներն այն եզրակացության են եկել, որ չարորակ գոյացությունն այդպիսի չափերի էր հասել 10 տարվա ընթացքում։ Այժմ ամերիկացին բուժում է անցնում, իսկ բժիշկները լավատեսական կանխատեսումներ են անում։

Լիպոսարկոման չարորակ նորագոյացություն է, որն ուղեկցվում է փորացավով, փորկապությամբ եւ այտուցով: «Չնայած այդպիսի ուռուցքներն ավելի շուտ չարորակ են լինում, բայց դրանք աճում են դանդաղ եւ հակված չեն տարածվելու»,- ասել է վիրաբույժ Դալի Խուլիո Տեյշեյրան։

 

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում