Նոր միացությունը կարող է աուտոիմունային հիվանդությունների դեպքում բորբոքումը վերացնել

29 մարտի, 2018  19:25

Confluence Discovery Technologies Inc-ի գիտնականները նոր միացություն են մշակել, որը պայքարում է բորբոքման դեմ: Այն կարող է դառնալ այնպիսի աուտոիմունային հիվանդությունների բուժման բանալին, ինչպիսին է ռեւմատոիդային արթրիտը: Ի տարբերություն ստանդարտ թերապիայի՝ նոր միջոցն ավելի ընտրողական ազդեցությամբ է օժտված:

Մարդու օրգանիզմում կա p38 MAPK սպիտակուց: Եթե այն աշխատում է ինչպես հարկն է, ապա հյուսվածքներն առողջ են մնում, սակայն այս սպիտակուցի մշտական ակտիվացման դեպքում աուտոիմունային ռեակցիա է առաջանում՝ մարմինը սկսում է գրոհել սեփական հյուսվածքների վրա: Քանի որ սպիտակուցը պատասխանատու է բորբոքման համար, դեղագործական մի շարք ընկերություններ ներկայացրել են հակաբորբոքային միացություն, որն արգելափակում է այս սպիտակուցի ազդանշանային ակտիվությունը: Խնդիրն այն է, որ ժամանակի ընթացքում (2-3 շաբաթ հետո) արգելակիչները դադարում են գործել, եւ բորբոքումը վերադառնում է:

Իսկ հիմա առաջարկվում է ոչ թե արգելափակել ամբողջությամբ ազդանշանային ուղին, այլ CDD-450 (հիմա կոչվում է ATI-450) նոր միացության օգնությամբ անջատել ուղու մի քան «ճյուղերից» ընդամենը մեկը: Ինչպես ցույց են տվել կրծողների եւ մարդկային բջիջների վրա կատարված փորձերը, այս մոտեցումը թույլ է տվել արդյունավետորեն նվազեցնել բորբոքային ազդանշանային մոլեկուլների խտությունը: Սա կանխել է ռեւմատոիդային արթրիտով մկների ոսկորների եւ հոդերի քայքայումը:

Կարեւոր է, որ այս նյութը պարունակող դեղամիջոցը տեսականորեն կարելի է օգտագործել երկար ժամանակ՝ չվախենալով իմունային տարբեր ռեակցիաներից: Գիտնականները ծրագրում են մոտ ժամանակներում կլինիկական փորձարկումներ սկսել մարդկանց վրա:

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում