Հայաստանում ներկայում էպիլեպսիայով ավելի քան 3000 երեխա է գրանցված

10 ապրիլի, 2018  18:59

«Արաբկիր» բժշկական համալիրում ներկայում էպիլեպսիայով ավելի քան 3000 երեխա է գրանցված: Այսօր՝ ապրիլի 10-ին լրագրողների հետ հանդիպմանն այս մասին նշեց բժշկական համալիրի նյարդաբանության բաժանմունքի մանկաբույժ Անի Գեւորգանը:

Մասնագետի խոսքով՝ երեխաների մի մասին օգնում է մեկ դեղորայքով թերապիան, մի մասն էլ ստիպված է մի քանի տեսակի դեղորայք ընդունել: Սակայն ոչ բոլոր դեղամիջոցներն են տրվում պետության կողմից:

«Որոշ դեղամիջոցներ, իհարկե, տրվում են պետության կողմից, սակայն դրանք խիստ սահմանափակ են՝ ընդամենը չորս տեսակի դեղամիջոց: Այդ պատճառով ծնողները մեծ խնդիրների առջեւ են կանգոնւմ: Կան նաեւ հիվանդներ, ովքեր տարբեր հետազոտությունների կարիք ունեն, բայց պետպատվերով չեն սպասարկվում եւ բավական թանկ արժեն: Սա նույնպես մեծ դժվարություն է»,- նշեց Անի Գեւորգյանը:

Արդյունքում, ըստ մասնագետի, իրենք դիմում են տարբեր բարերարների օգնությանը, որոնք կա՛մ դեղամիջոցներն են տրամադրում, կա՛մ հետազոտությունների համար գումար են տրամադրում:

Երկար տարիներ էպիլեպսիայով երեխաներին աջակցող Ելենա Բաղդասարյանի խոսքով՝ ժամանակակից դեղորայքի մեծ մասը Հայաստանում գրանցված չէ, եւ երբեմն ստիպված են լինում դեղերը ձեռք բերել արտերկրից: Անի Գեւորգյանն էլ հավելեց, որ խնդիրներ կան նաեւ հետազոտությունների հետ կապված:

«Տարբեր գենետիկ հետազոտություններ կան, որոնք կարող են բժշկին հուշել, թե էպիլեպսիայի ո՞ր տիպի մասին է խոսքը: Այդ գենետիկ հետազոտություններն արտասահմանում են արվում, քանի որ մեր գենետիկայի կենտրոնում սահմանափակ թվով հետազոտություններ են կատարվում: Իսկ դրանք թանկ արժեն ամբողջ աշխարհում: Գենետիկ հետազոտությունները կարեւոր են ոչ միայն հիվանդի, այլեւ տվյալ ընտանիքի հետագա պլանավորման համար, որպեսզի հնարավոր լինի կանխել նման ցավալի դեպքերը»,- նշեց մասնագետը:

Եվս մեկ կարեւոր հետազոտություն՝ ՄՌՏ-ն, Հայաստանում անվճար է որոշակի սոցիալական խմբերի համար միայն: «ՄՌՏ հետազոտությունն անվճար է մինչեւ 7 տարեկան երեխաների, նպաստառուների, սոցիալապես անապահով կամ զինվորականի ընտանիքի անդամների համար: Բայց պետպատվերի շրջանակում է միայն 0.3 տեսլան, երբեմն՝ 1.5 տեսլան, իսկ էպիլեպսիայի համար մեզ պետք է շատ լավ որակի ՄՌՏ նկարներ են պետք, որպեսզի կարողանանք հասկանալ՝ էպիլեպսիայի ո՞ր տեսակի հետ գործ ունենք: Հայաստանում հասանելի է նաեւ 3 տեսլան, բայց դա արդեն պետպատվերի շրջանակում չէ եւ արժե 100.000-150.000 դրամ՝ մեկ երեխայի համար»,- ասաց Անի Գևորգյանը։

Հարցին, արդյո՞ք էպիլեպսիան մահացու հիվանդություն է համարվում, մասնագետը պատասխանեց, որ կան հիվանդության ծանր ընթացքով դեպքեր, իսկ եթե ցնցումը երկար տեւի, կարող են լուրջ բարդություններ լինել եւ նույնիսկ մահվան հանգեցնել:

«Մեզ մոտ արդեն երկու տարի է՝ վիրահատություններ են կատարվում բուլղարացի մասնագետների հետ միասին: Դրանք էպիլեպսիայի օջախային դեպքերն են, երբ մանրամասն հետազոտելուց հետո հիվանդները վիրահատվում են: Բավականաչափ հաջողված դեպքեր ունենք, երբ վիրահատությունից հետո հիվանդը լիովին ազատվել է այդ խնդրից: Հույս ունեմ, որ այս ոլորտն ավելի կզարգանա մեր երկրում»,- ասաց Անի Գեւորգյանը։

Հետևեք NEWS.am Medicine-ին Facebook-ում և Twitter-ում